Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունների կոչն իրենց քաղաքացիներին՝ լքել Հյուսիսային Կովկասը և չմեկնել այս տարածաշրջան, Մոսկվան հակառուսական քայլ է համարում, հայտնում է Аргументы и факты հրատարակությունը։

«Կարծում եմ, որ նման գործողությունները, նման հայտարարությունները պարզապես ուղղված են մեր երկրի դեմ և իրականության հետ կապ չունեն»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։

Բացի այդ, Մարիա Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում նույնպես տեղի են ունենում հակաիսրայելական ակցիաներ և բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Պաղեստինի, սակայն Թել Ավիվը դրանց վերաբերյալ առաջարկություններ չի հնչեցնում։

«Սրան մասնակցում են հսկայական թվով մարդիկ՝ ոչ թե հազարավոր, ոչ տասնյակ, այլ հարյուր հազարավոր և միլիոնավոր՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում»,- ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մերձավոր Արևելքում հակամարտության դեմ ցուցարարների ամբոխը ներխուժել էր Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Դա տեղի է ունեցել Թել Ավիվից ինքնաթիռի ժամանումից հետո։

Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է մոտ 20 մարդ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 80 անկարգությունների մասնակցի։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 212 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում)։