Հայաստանի և Եվրամիության միջև 2023 թվականի 9 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 2,1 մլրդ դոլար, ինչը 40 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Եթե ԵՄ-ն ընդունենք որպես միասնական շուկա, ապա այն, ըստ էության, Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ԵՄ անդամ առանձին առաջատար երկրների հետ մեր առևտուրն աճում է»,- ասաց Քերոբյանը։
Այսպիսով, Ֆրանսիայի հետ առևտուրն աճել է 53%-ով, Գերմանիայի հետ՝ 40%-ով, իսկ Նիդերլանդների հետ՝ 44%-ով։
Նախարարի խոսքով՝ այս տարվա ինն ամիսներին Հայաստանից ԵՄ է արտահանվել 488 մլն դոլարի արտադրանք, ընդ որում՝ դրանք ոչ միայն պարենային և ոգելից խմիչքներ են, այլ նաև տեքստիլ, արդյունաբերական արտադրանք և հանքաքար։
Քերոբյանը նշեց՝ նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացման համար։ Միաժամանակ, նա զգուշացրել է, որ հայկական արտադրանքի որակի նկատմամբ վերահսկողությունն աստիճանաբար կսկսի խստացվել։
Արտաքին առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունն այս տարի բիզնես ֆորումներ է կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։





























