Ցանցում հայտնվել են Xiaomi ավտոմեքենայի լուսանկարները, որոնք արվել են ընկերության գործարաններից մեկում։ Դրանցից հայտնի են դարձել մեքենայի արտաքին տեսքը, սեդանի ներսակողմը, տեղեկացրել է ITHome պորտալը։
Մեքենան ունի կամուֆլյաժային թաղանթ, որը թաքցնում է դիզայնի մանրամասները։ Բայց լուսանկարում կարելի է նկատել, որ սեդանը ցածր եւ լայն նստվածք ունի, լավ մտածված աերոդինամիկա։ Ներսակողմում չկան դռների սովորական բռնակները, դրանց փոխարեն նախատեսված են կոճակներ։
Երեւում է նաեւ, որ Xiaomi-ն չի համագործակցել հայտնի բրենդների հետ ավտոձայնի ոլորտում, այլ դրա փոխարեն որոշել է օգտագործել իր սեփական աուդիոհամակարգը։ Այդ մասին մատնանշում է Xiaomi լոգոտիպը, որը կարելի է տեսնել դինամիկները փակող վահանակին։
Սեդանը հավանաբար կունենա անշրջանակ դռներ եւ մեծ պանորամային տանիք, ինչը լույս եւ տարածություն կավելացնի սրահում։
Xiaomi առաջին ավտոմեքենան պետք է թողարկվի 2024թ., ինչն արդեն հաստատել է Xiaomi-ի նախագահ Լյու Վեյբինգը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ ընկերությունն առաջին տարում կկարողանա վաճառել 50-60 հազար ավտոմեքենա։





























