«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպումը տեւել է մոտ 3 ժամ:

Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի եւ բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի եւ բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:

Համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երեւույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք` հասարակական լայն շերտերի օգնությամբ: Այդ պրոցեսը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա:

Խմբի գլխավոր սկզբունքը լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վերհանելը եւ ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը: «Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա եւ իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:

Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների եւ արատավոր երեւույթների մասին ահազանգներ ստանալու համար: Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ կայցելի ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ եւ, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, կվերահսկի դրա լուծման ընթացքը: Խումբը, կետայիններից բացի, ի հայտ կբերի նաեւ առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հեռ ձեռքբերված պայմանավորվածության, սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար կայցելի նաեւ կենտրոնական հավաքակայան եւ կվերահսկի զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):

Նախաձեռնությունը հայտնել է Վ. Գասպարյանին, որ հավաքման փուլում են գտնվում փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է: Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնա:

Երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հասարակության լայն շերտերին` հանուն մեր տղերքի հանգիստ ծառայելու, (055) 211-529 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին: Այս գործում «Չենք լռելու»-ն հատկապես կարեւորում է նոր զորացրվածների մասնակցությունը: Ցանկություն հայտնելու դեպքում, կպահպանվի նախաձեռնությանը դիմած անձի գաղտնիությունը: