Հայաստանը ձգտում է ստեղծել իրավահավասար հարաբերություններ բոլոր պետությունների հետ, այդ թվում` ինչպես աշխարհաքաղաքական խաղացողների, այնպես էլ` տարածաշրջանային: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայում ՄՊՀ-ի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում  հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով գլոբալիզացիայի գործընթացում Հայաստանի ունեցած տեղի մասին հարցին:

«Հայաստանն աշխարհի գործընթացներում ներգրավվելու ակտիվ քաղաքականություն է վարում: Գործուն մասնակցություն է ունենում ԵՄ «Արեւելյան համագործակցություն» ծրագրում` այն համարելով մասշտաբային արմատական փոփոխություններ կատարելու լավ հնարավորություն, որի նպատակը առավել լավ Հայաստանի կառուցումն է: Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատկապես ուշադրություն է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերություններին: Երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում», - նշել է Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Մոսկվայից:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է 90-ական թվականներին ստորագրված ռուսական բազայի մասին պայմանագրի առկայության մասին, որին կողմերը անդրադարձան անցյալ տարի, երբ պայմանագրի ժամկետը երկարաձգվեց. «Մենք վերադարձանք պայմանագրին եւ երկարաձգեցինք դրա ժամկետը մինչեւ ընթացիկ դարի կեսերը: Մենք դաշնակիցներ ենք: Մենք ՀԱՊԿ դաշնակիցներ ենք, եւ դրանով ամեն ինչ ասված է: Մենք ուզում ենք ժամանակակից երկիր լինել, որտեղ լուծված է ժողովրդավարության, անվտանգության, սոցիալ-տնտեսական խնդիրները:  Մենք ուզում ենք  լինել երկիր, որը խնդիրներ չունի ինչպես հարեւան, այնպես էլ այլ պետությունների հետ»: