Քերալա նահանգում (Հնդկաստանի հարավ-արեւմուտք) կրկնվում է Հաչիկո շան պատմությունը, որը դարձել է տիրոջը հավատարմության եւ նվիրումի խորհրդանիշը, տեղեկացրել է Hindustan Times թերթը։
Շանը նկատել են Կանուր քաղաքի հոսպիտալի աշխատակիցները։ «Շունը այստեղ էր եկել պացիենտի հետ միասին, որը շուտով մահացել է։ Շունը տեսել է, թե ինչպես են տիրոջը դիահերձարան տարել եւ, հավանաբար, մտածում է, որ նա դեռ այնտեղ է»,- ասել է հիվանդանոցի աշխատակից Վիկաս Կումարը։
Նրա խոսքով՝ շունն արդեն չորս ամիս չի հեռանում դիահերձարանի մոտից՝ սպասելով տիրոջը։ Ոչ ոք չգիտի նրա անունը, նրան այդտեղից քշելու փորձերն ավարտվել են անհաջողությամբ։ Կարեկից մարդիկ այժմ կերակրում են նրան՝ այստեղի Հաչիկո անվանելով։
«Հաչիկո» ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։ Այդ կինոնկարում շունը ճանապարհում եւ դիմավորում էր տիրոջը Տոկիոյի Սիբույա երկաթուղային կայարանում։ Իսկ այն բանից հետո, երբ նրա տերը հանկարծամահ է լինում, Հաչիկոն ինը տարի, ընդհուպ մինչեւ իր մահը, գալիս էր երկաթուղային կայարան։





























