Ֆրանսիական Framatome ընկերությանը պատկանող գերմանական Լինգեն քաղաքում գտնվող վառելիքային էլեմենտների արտադրության գործարանը պատրաստվում է հարստացված ուրան ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել են Ausgestrahlt, Bündnis AgiEL, SOFA և ռուսական Экозащита! բնապահպանական խմբերը:
Նրանց կարծիքով, այդ մատակարարումները կշրջանցեն եվրոպական պատժամիջոցները, հաղորդում է DW-ն։
Բնապահպանական խմբերի հրապարակած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ուրանի վերջնական ստացողը պետք է լինի Машиностроительный завод-ը, որը պատկանում է ռուսական պետական միջուկային Росатом ընկերությանը։
Բնապահպաններն ընդգծել են, որ Росатом-ն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պատերազմին, հետևաբար պետական կորպորացիայի կողմից երկակի նշանակության ապրանքների մատակարարումները, որոնք ներառում են հարստացված ուրան, կարող են վերջնական ռազմական կիրառություն ունենալ և արգելված են Եվրամիության պատժամիջոցներով։
Այս կապակցությամբ բնապահպանական խմբերի ներկայացուցիչները Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարությունից պահանջել են անհապաղ մերժել Ռուսաստան ուրանի մատակարարման անօրինական հայտը և փակել Լինգենի վառելիքային գործարանը։
Այս պահին դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնությունից հարստացված ուրանի մատակարարման պաշտոնական արգելք չկա։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլի 7-ին Եվրախորհրդարանը որոշում ընդունեց Ռուսաստանից նավթի, ածուխի, գազի և միջուկային վառելիքի ներմուծման սահմանափակումների երկարաձգման անհրաժեշտության մասին։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել դադարեցնել համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ առկա և նոր միջուկային նախագծերի շուրջ։




























