Իռլանդիայում «Շին Ֆեյն» կուսակցությունը կառավարությանը կոչ է արել վտարել Իսրայելի դեսպանին՝ ի նշան բողոքի Գազայում իսրայելական բանակի գործողությունների դեմ, որոնք «Շին Ֆեյն»-ը միջազգային իրավունքի խախտում է համարում։
Վարչապետ Լեո Վարադկարը պատասխանել է, որ պետությունը պետք է պահպանի կապի ուղիները ապագայի համար, և այդ պատճառով Իռլանդիան չի վտարել, օրինակ, Ռուսաստանի դեսպանին, հայտնում է BBC-ն։
«Նույնիսկ պատերազմող երկրներն ունեն դեսպաններ: Մենք չենք վտարել Ռուսաստանի դեսպանին, և ես չեմ կարծում, որ ներկա գտնվի որևէ մեկը, ով աջակցում է Ուկրաինային այնքան, որքան ես՝ գործով, այլ ոչ թե խոսքով», - երեքշաբթի օրը խորհրդարանում ասել է Վարադկարը:
Ըստ PA գործակալության՝ վարչապետը հիշեցրել է, որ Իռլանդիայի մոտ 40 քաղաքացի դեռ Գազայի հատվածում է, իսկ ութամյա Իռլանդիայի քաղաքացի Էմիլի Հանդը հավանաբար պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից, և նրանց բոլորին փրկելու համար Դուբլինին անհրաժեշտ են աշխատանքային շփումներ բոլոր կողմերի հետ։




























