Քաղաքացի Գեորգի Գրիգորի Մելիքյանը (ոստիկանության ավագ տեսուչ) նամակ է հղել NEWS.am, Թերթ.am եւ Lragir.am կայքերին, որտեղ անդրադառնում է դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

ՀՀ Գլխավոր դատախազության կողմից 21.10.2011թ-ին տարածված «Դատապարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը» հաղորդագրության հիման վրա Ձեր կայքերի խմբագրականների կողմից 21.10.2011թ-ին լուսաբանված «Դատապարտվել է ոստիկանության տեսուչը», «Ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանար» եւ «Դատապարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը» հոդվածներին ի պատասխան հայտնում եմ հետեւյալը.

Դեռեւս քրեական գործի դատաքննության ընթացքում իմ կողմից «Թիվ 13130410 քրեական գործով ապացույցները անթույլատրելի ճանաչելու եւ քրեական գործի վարույթը ամբաստանյալ Գ.Մելիքյանի մասով կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջների մասին» միջնորդություն էր ներկայացվել, որի համար հիմք էր հանդիսացել հենց ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ռ.Ամիրխանյանի կողմից թույլ տրված ապօրինությունները, մասնավորապես այն փաստը, որ չնայած կեղծ հարուցման որոշումը քննիչը հետին թվագրումով` 31.08.2010-ին էր դրել քրեական գործում, այդուհանդերձ մինչեւ 14.10.2010թ-ը, ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, որեւէ հաղորդում չէր տրվել Գ.Մելիքյանի նկատմամբ, պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Հենց իմ կողմից դատարանում ներկայացված միջնորդությունից հետո միայն ՀՀ Գլխավոր դատախազությունը 14.10.2010թ-ին նույնաբովանդակ հաղորդում տվեց` փորձելով ուղղել իր սխալը: Այս դեպքում եւս 19.10.2011թ-ին «Առավոտ» օրաթերթում «Քննիչին փուռը տվեցին» հոդվածի լուսաբանվելուց հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը արձագանքեց ապատեղեկատվություն տարածելով քր. գործի վերաբերյալ թե իբրեւ հիմնավորված է Գ.Մելիքյանին առաջադրված մեղադրանքը: Հիմա նշեմ մի քանի փաստ դատարանի կողմից իրականում հիմնավորված փաստերից.

1. Փաստ է, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ռ.Ամիրխանյանի կողմից քրեական գործով ձեռք բերված բոլոր նյութերը, այդ թվում իմ նկատմամբ կատարված քննչական գործողությունները, կատարվել են դատավարական գործողություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից, քանի որ քննիչ Ռ.Ամիրխանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական գործի նյութերով նոր գործ հարուցելու եւ քրեական գործերը միացնելու մասին որոշումը կայացրել է 29.07.2010թ-ին, որի համար ինձ մեղադրանք է առաջադրել 01.08.2010թ-ին: 2010թ-ի հուլիսի 29-ի թվագրումով: Քննիչ Ռ.Ամիրխանյանի որոշումը հետին թվագրումով է կցված քրեական գործի նյութերին, եւ քրեական գործում հայտնվել է 2010թ-ի օգոստոսի 1-ին, այն բանից հետո, երբ 31.07.2010թ-ին որպես իմ շահերի պաշտպաններ Է.Չինարյանը եւ Կ.Քամալյանը Ռ.Ամիրխանյանից պահանջեցին տրամադրել իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Վերջինս չունենալով, պաշտպաններին հանձնեց Կենտրոնի քննչական բաժնի կողմից խուլիգանության փաստով հարուցված որոշումը: Այդուհանդերձ, քննիչը առանց այդ քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու եւ առանձին վարույթում առանձնացնելու ու դրան առանձին համար շնորհելու, հարուցված քրեական գործի մասին որպես դեպք հաղորդում տալու եւ հաշվառելու ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում, համարելով, որ այն անմիջականորեն առնչվում է խուլիգանության դեպքի հետ եւ պետք է միեւնույն անձանց մեջ կատարվեն քննչական եւ դատավարական գործողություններ, քրեական գործերը ապօրինի միացրել է մեկ վարույթում: Համաձայն ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի թիվ 6/15-4639 գրության այդ կապակցությամբ քննիչը իմ վերաբերյալ ուղարկել է լրացուցիչ ձեւ 1, 1.1 եւ 2 քարտերը: ՀՀ Գլխավոր դատախազի, Ներքին գործերի նախարարի, 2002թ-ի մայիսի 27-ի թվագրումով ՙՀանցագործությունների միասնական հաշվառման կարգի մասին հրահանգը կատարելու մասին՚ թիվ 11/251 համատեղ հրամանի 6.1 կետի պահանջներից պարզ երեւում է, որ լրացուցիչ 1 ձեւի վիճակագրական քարտը լրացվում եւ Ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում այդ հանցագործության համար անձին մեղադրանք առաջադրելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Այսինքն հիմնավորված փաստ է, որ քննիչը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ 1 ձեւի վիճակագրական քարտը ԻԿ չի ուղարկել, իսկ ուղարկելուց էլ կարող էր միայն 01.08.2010թ-ի ամսաթվով,  այն էլ` թիվ 13130410 քրեական գործով որպես խուլիգանության կատարմանը մասնակցելուն հանցակցելու կամ հանցագործության կրկնակիության առկայության պատճառաբանությամբ: Հետեւաբար այդ որոշումը հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, որը չունի համար հաշվառված չէ ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում, ուստի որպես տպագրված թուղթ հանդիսանում է դատավարական ապօրինությունը ուղղելու միջոց` կեղծիքի ճանապարհով, իսկ դատարանները, իրավաբանական տրամաբանությանը հակասող պատճառաբանություններով կոծկել են Ռ.Ամիրխանյանի կողմից կատարված հանցագործությունը` այն չարժանացնելով իրավաբանական գնահատականի: Հետեւաբար Ռ.Ամիրխանյանը կատարել է արարք, որը չի բխում ծառայության անհրաժեշտությունից, որը ունի հակաիրավական բնույթ եւ հակասում է օրենքների, հրամանների, հրահանգների, կանոնադրությունների եւ այլ ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, ուստի, եթե իմ վերաբերյալ չկա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործ, ինչպես կարող եմ ես, իմ կողմից քննության առնված` խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հանդես գալ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի դատավարական կարգավիճակում եւ ենթարկվեմ քրեական պատասխանատվության:

2. Փաստ է, որ Ես ոչ թե թաքցրել եմ խուլիգանության եւ կրակելու դեպքը, այլ, որ նյութերն իմ վարույթում մնալով ընդամենը 10 ժամ, սկզբից նախապատրաստել եմ որպես «մարմնական վնասվածք», այնուհետեւ հետաքննության ընթացքում հիմնավորել եմ խուլիգանության դեպքի առկայությունը եւ ապօրինի գազային ատրճանակից կրակելու փաստը, որից հետո ինքս որոշում եմ կայացրել եւ նյութերն ուղարկել եմ նախաքննության Կենտրոնի քննչական բաժին, ուստի ինչումն է դրսեւորվել իմ կողմից պաշտոնեական լիազորությունները հակառակ ծառայության շահերին օգտագործելը: Ավելին, եթե ես ցանկացել եմ թաքցնել խուլիգանության դեպքը եւ կրակոցի փաստը, ինչու եմ այն հիմնավորել, եթե նպատակ եմ ունեցել Է.Մնացականյանի մասնակցությունը կոծկել, ինչու եմ նյութերը ուղարկել քննչական բաժին, դրանով իսկ հիմքեր ստեղծել Դ.Քրիստոստուրյանին եւ Ռ.Մելիքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, առավել եւս, որ քննիչ Է.Աղայանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործը հարուցել է իմ կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա: Բացի այդ ինչպես Ռ.Մելիքյանը, Դ.Քրիստոստուրյանը, այնպես էլ Հ.Համբարձումյանը եւ Ս.Գեւորգյանը նշել են, որ իրենք ինձ չեն դիմել, չեն խնդրել օգնել իրենց, թե ինչ շահ եմ ունեցել չգիտեն, հետեւաբար նրանց դիրքորոշումը, թե իբրեւ Դ.Քրիստոստուրյանին, Ռ.Մելիքյանին եւ Է.Մնացականյանին ես օգնել եմ, նրանց համար «լավ լինելու» համար եմ չարաշահել իմ պաշտոնեական դիրքը չի կարող տեղավորվել իրավաբանության մեջ ընդունված տրամաբանության սահմաններում, իսկ պնդումները իմ դիտավորության վերաբերյալ մտացածին են եւ չհիմնավորված, չեն բխում գործի փաստական հանգամանքներից:  Հատկանշանական է, որ դատաքննության ընթացքում մեղադրող Հ.Հարությունյանը եւ դատավոր Մ.Մնացականյանը հասկացան, որ դատարանում վկաները ճիշտ ցուցմունքներ են տալիս, ընդ որում «ճիշտ ցուցմունք» ասածը ոչ թե իմ օգտին, այլ Հարություն Ղեւինյանը եւ Ռոմիկ Մելիքյանի ընկեր` Աշոտ Ղուկասյանը նույնիսկ տեղյակ էլ չէին թե ինչ է գրառված Ամիրխանյանի կողմից տպագրված իրենց նախաքննական ցուցմունքներում: Հ.Ղեւինյանի դատաքննական ցուցմունքը, որը ապացուցում էր Հ.Համբարձումյանի եւ Ս.Գեւորգյանի կողմից սուտ ցուցմունքներ տալու հանգամանքը, դիտարկեց որպես ոչ արժանահավատ, իսկ Ա.Ղուկասյանի ցուցմունքը, որը ապացուցում էր Ռոմիկի Մելիքյանի, Դավիթ եւ Մհեր Քրիստոստուրյանների կողմից սուտ ցուցմունք տալու փաստը, մասնավորապես, որ բաժնում ես չեմ նրան ուղղորդել, թելադրել եւ պարտադրել տալ սուտ բացատրություն, այլ հենց Դ.Քրիստոստուրյանն է իրեն խնդրել ոստիկանության Կենտրոնական բաժնում տալ սուտ բացատրություն իրենց համար լավ լինելու համար, անտեսվեց:  Ինչպես նաեւ դատարանը անտեսելով դեռեւս քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ Գ.Ամիրխանյանի, Հետաքննության բաժանմունքի պետ Վ.Վարդանյանի, ՊՊ բաժնի պետ Ա.Խաչատրյանի, սպա Գարիկ Դանիելյանի, Ռ.Մելիքյանի ընկերներ` Արտաշես Ազնաուրյանի եւ Էմիլ Ղազարյանի նախաքննական ցումցունքները, մերժեց վերջիններիս որպես վկա դատարանում հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները, ընդհանրապես չարժանացնելով իրավական գնահատակի: Ավելին հենց դատարանում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեց, որ Ռոմիկի Մելիքյանի, Դավիթ եւ Մհեր Քրիստոստուրյանների ՀՔԾ տրված ցուցմունքները նույնանման են, իրարից չտարբերվող, համապատասխանում են իրար, Ռ. Ամիրխանյանի կողմից են հորինվել եւ «մեկ շնչով» տպագրվել copy-past տարբերակով, նա է դրդել վերջիններիս իմ դեմ տալ կեղծ ցուցմունքներ եւ այդ կերպ ամրապնդել ինձ առաջադրված մեղադրանքը: Այդ իսկ պատճառով, իմ կողմից, խաչաձեւ հարցերի ճնշման չենթարկվելու եւ դատարանում օբյեկտիվ իրականությունը բացահայտելուց խուսափելու նպատակով Դ.Քրիստոստուրյանը եւ նրա եղբայրը` Մ.Քրիստոստուրյանը հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ, իսկ Ռ.Մելիքյանը իբրեւ բացակայում էր ՀՀ-ից խուսափեց ներկայանալ դատարան, որի հետեւանքով դատարանը առանց համադրելու ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունեց վերջիններիս նախաքննական սուտ ցուցմունքները:

Վերը նշված փաստական տվյալները, Ռ.Ամիրխանյանի կողմից թույլ տրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումները ակնհայտ վկայում են, որ Ռ.Ամիրխանյանը շահագրգռված է եղել իմ նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրելու, իսկ քրեական գործով դեռեւս իմ կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում ակնհայտ հիմնավորված դեպքին մասնակից անձին, բարձրաստիճան մի պաշտոնյայի բարեկամին` Ռ.Մելիքյանին, քրեական գործից հանելու եւ քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու միտում: Նման «մարտավարություն» որդեգրելով Ռ. Ամիրխանյանը փաստորեն դրդել է վերջիններիս իմ դեմ տալ կեղծ ցուցմունքներ եւ այդ կերպ ամրապնդել ինձ առաջադրված մեղադրանքը, իսկ փոխարեն Ռ.Մելիքյանի եւ Ս.Գեւորգյանի մասով քրեական գործով վարույթը կարճել է, իսկ Դ.Քրիստոստուրյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` 3-րդ մասի 1-ին կետի փոխարեն: Տեղին է ասել. «Մի ասեք իմ մասին սուտը, ես չեմ ասի Ձեր մասին ճշմարտությունը»:

Նորասկսնակ իրավաբանին էլ պարզ է, որ վերոնշված ապացույցների պարագայում ամբողջ քրեական գործը կառուցված է կեղծ ապացույցների եւ հակասական, իրարամերժ ցուցմունքների վրա, հետեւաբար ո՞վ է հանդիսանում իրական հանցագործը, ես, թե ...: Իսկ դատավորները չհասկացան որ իրենց ուղղակի փչացնում են քաղաքական դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ իրենք կայացնելով ապօրինի դատական ակտեր, ինքնին ընդունում են այդ խաղի կանոնները: Որիպիսի փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ ՀՀ ՀՔԾ քննիչները անձեռնմխելի են, ինչպես միշտ «արդար են» եւ «անպարտելի», գտնվում են ՀՀ Գլխավոր դատախազի երկնային հովանու ներքո, իսկ դատավորները վերջինիս կամակատարները: Եվ վերջապես արդյոք սա վրեժ չէր ՀՔԾ, դատախազության, դատարանի «ձեռքով», մի բարձրաստիճան պաշտոնյաի` ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի կողմից, որի ազգակցին` Ռ.Մելիքյանին, քրեական պատասխանատվության ենթարկելու համար նյութերը նախապատրաստել եւ հիմնավորել եմ ես` հաշվի չառնելով վերջինիս ազդեցիկ դիրքը մեր պետության մեջ, որի վառ ապացույցն է այն փաստը, որ ես եմ հիմնավորել նրա արարքում խուլիգանության հանցակազմը, Կենտրոնի քննչական բաժնում քննությամբ նույնպես հիմնավորվել է եւ իմ կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա է հարուցվել քր. գործը, իսկ չգիտես թե ինչու ՀՔԾ ոչ միայն ՙչի կարողացել՚ հիմնավորել, այլեւ չի ցանկացել եւ ակնհայտորեն նրա վրայից հանել է բոլոր մեղադրանքները եւ արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառով կարճելով քրեական գործի վարույթը: Հետեւաբար թող բոլորը հասկանան, որ այլեւս արդար ոստիկանին «փչացնել» չի կարելի, քանի որ «փչացած» եւ պետության հանդեպ վստահությունը կորցրած ոստիկանը նախագահին էլ չի կարող պաշտպանել:

Իմ նպատակն է արդարության վերականգնումը եւ ակնկալում եմ Ձեր համագործակցությունը օբյեկտիվ իրականության բացահայտման եւ ինտերնետային կայքերում լուսաբանման, հասարակությանը ճիշտը ներկայացնելու հարցում: