Դատարանը հիմնավորված է համարել Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները: NEWS.am-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ 2010թ. հունիսի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանի դիմաց Հայաստանի քաղաքացի Դ. Քրիստոստուրյանի եւ ԱՄՆ քաղաքացի Է. Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության:
Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել եւ հարվածել միմյանց, ինչի հետեւանքով Դ. Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Նրանց փոխանցմամբ` Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Մելիքյանը 2010թ. հունիսի 19-ին ոստիկանություն բերման ենթարկված դեպքի մասնակիցներից եւ ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, թե իբր վիճաբանողները եղել են Դ. Քրիստոստուրյանը եւ վերջինիս ընկեր Ռ. Մելիքյանը, ով իրականում դեպքի վայր էր ժամանել վիճաբանության մասին տեղեկանալով, իսկ Է. Մնացականյանը ներկայացվել է որպես նրանց բաժանող: Այսպիսով, տեսուչը, ըստ նախաքննական մարմնի, չի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն եւ բազմակողմանիությունը` հնարավորություն ընձեռելով Է. Մնացականյանին մեկնել Հայաստանից:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ. Մելիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դ. Քրիստոստուրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

























