ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սեուլ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան խոր անհանգստություն ունեն ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության առիթով՝ ավելացնելով, որ «կդիմակայեն» Հյուսիսային Կորեայից զենք ստանալու ՌԴ փորձերին։ Այս հայտարարությունները Ռուսաստանը բազմիցս անվանել է անհիմն։
Կրեմլում ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մեկնաբանում տեղեկություններն իբր Հյուսիսային Կորեայից ՌԴ սպառազնությունների մատակարարման մասին. դրանք անհիմն են, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հարեւանն է, եւ Մոսկվան կշարունակի հարաբերություններ զարգացնել Փհենյանի հետ բոլոր ոլորտներում։ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Օլեգ Բուրմիստրովը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը՝ որպես համաշխարհային հանրության պատասխանատու անդամ, կատարում է իր միջազգային պարտավորությունները Փհենյանի հանդեպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի գծով։
Հյուսիսային Կորեան արդեն բազմիցս հերքել է արեւմտյան ԶԼՄ-ների եւ պաշտոնյաների հայտարարությունները իբր Ռուսաստան սպառազինությունների մատակարարման մասին։ Երկրի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ոչ մի գործարք սպառազինությունների վերաբերյալ ՌԴ-ի հետ չունի, իսկ ԶԼՄ-ների տեղեկություններն այդ մասին «անհեթեթ լուրեր են»։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ԱՄՆ գործերի վարչության ղեկավար Քվոն Չժոն Գընը նշել է, որ ԱՄՆ-ն «հիմարաբար» փորձում է արդարացնել իր սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա՝ «անհիմն վարկած» տարածելով իբր Հյուսիսային Կորեայի եւ ՌԴ-ի միջեւ սպառազինությունների վերաբերյալ գործարքի մասին։




























