Եվրամիությունն առաջնորդվում է քաղաքականացված ու կեղծ գնահատականներով՝ Ռուսաստանին մեղադրելով Հարավային Օսիայի հետ սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության հետ կապված իրավիճակի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք զարմացած ենք ԵՄ-ի նման դիրքորոշմամբ, նրանք անտեսեցին ակնհայտ փաստերը և օսական կողմից տրված մանրամասն բացատրությունները։ Ամենացնցողն այն է, որ Բրյուսելը կատեգորիկ փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Սրանք քաղաքականացված, միակողմանի գնահատականներ են, սուտ»,- ասել է նա՝ հավելելով. «Այս ամենը ցույց է տալիս Եվրամիության ակնհայտ կողմնակալությունն ու ներգրավվածությունը»:
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հարավային Օսիայի ներկայացուցիչները կրակել են երկրի մի քաղաքացու վրա՝ Կիրբալի գյուղի մոտ նրան ձերբակալելու փորձի ժամանակ։ Հաղորդվել է նաև, որ բերման է ենթարկվել մեկ քաղաքացի։




























