Չեխիայի նախագահ Պետր Պավելը կարծում է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը չի խոսում այն մասին, որ Ուկրաինան կարող է ռազմական առավելություն ստանալ, իսկ ժամանակը խաղում է Ռուսաստանի օգտին, որը կենդանի ուժի հզոր մոբիլիզացիոն բազա ունի, հայտնում է European Pravda-ն՝ հղում անելով Novinky-ին։
«Բանակցությունները կարող են սկսվել հաջորդ տարի, քանի որ զարգացումները չեն խոսում այն մասին, որ ուկրաինական կողմը ռազմական առավելություն կստանա։ ժամանակը խաղում է Ռուսաստանի օգտին, որը կենդանի ուժի հզոր մոբիլիզացիոն բազա ունի։ Ժամանակ շահելով՝ նա կկարողանա նաև համալրել այն նյութական բազան, որը նրան վաղուց չէր հերիքում։ Մենք տեսնում ենք զանգվածային մատակարարումներ Հյուսիսային Կորեայից, մենք տեսնում ենք պատժամիջոցները շրջանցելու փորձեր»,- ասել է Պետր Պավելը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ձգձգել հակամարտությունը։ Նա կարծում է, որ Ռուսաստանը նույնպես կարող է սպասել հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին:
Միեւնույն ժամանակ, Պավելը համոզված է, որ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կարծում է, որ Ռուսաստանի հետ պատերազմը տեղափոխվում է նոր փուլ՝ «դիրքային» պայքար ստատիկ և հոգնեցուցիչ մարտերով։ Այն հաղթելու համար բարձր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ:




























