Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին զորամասում ծեծելու եւ ստորացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված երեք զինվորներին չեն կալանավորել:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ զինծառայողների նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Նշենք, որ գործով ձերբակալվել էին շարքայիններ Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը, Մովսես Աշոտի Բադալյանը եւ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը: Շարքայինների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  քրեական  օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) հոդվածով, իսկ սերժանտի նկատմամբ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթիկից զորակոչված Ժորա Մկրտչյանին դաժան ծեծի էին ենթարկել, ծխախոտ հանգցրել նրա վրա: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` նրա նկատմամբ նաեւ սեռական բռնություններ էին կիրառվել, սակայն պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը:

Զինվորը խոշտանգումների հետեւանքով, ներկայումս «սուր փսիխոզ» ախտորոշմամբ, գտնվում է հոսպիտալում: Նրա հայրը` Մկրտիչ Մկրտչյանը հայտնել էր, որ իր որդուն ստորացնող զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են:

Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես է նկարագրել նրա վիճակը. «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»:

Հայրը միջադեպի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ դեպքն ավելի շուտ է եղել: