Դանիայի իշխանությունները խստացնում են ալկոհոլային խմիչքների վաճառքի կանոնները։ Այս մասին հաղորդում է Danmark Radio-ն։

Դրա տվյալներով՝ նախկինում 16 և 17 տարեկան դեռահասները կարող էին մանրածախ առևտրով գնել մինչև 16,4% ալկոհոլի պարունակությամբ ըմպելիքներ։ Այժմ այս շեմն իջեցվել է մինչեւ 6 տոկոս։ Բացի այդ, նիկոտինային տոպրակների տուփը(սնուս) զգալիորեն թանկանում է (1,72 դոլարով) և հավասար կլինի ծխախոտի մեկ տուփի արժեքին (8,62 դոլար):

«Երեխաների և երիտասարդների կողմից ծխախոտի, նիկոտինի և ալկոհոլի օգտագործումը տագնապալի է, չնայած վաճառքի համար հստակ տարիքային սահմանափակումներին, այժմ անչափահասների համար այս ապրանքները ձեռք բերելը չափազանց հեշտ է: Հետևաբար, մենք ներդնում ենք գրեթե 0,5 միլիարդ կրոն՝ (մոտ 72 միլիոն դոլար) կանխարգելման նոր ծրագրում, ներառյալ 30 միջոցառումներ, որպեսզի կարողանանք շրջել այս միտումը», - ասել է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարար Սոֆի Լյուդեն:

Կանխարգելման ծրագիրը նախատեսում է 0,5 միլիարդ կրոնի հատկացում 2024-2028 թվականներին, այնուհետև տարեկան 85 միլիոն կրոն (12,21 միլիոն դոլար): Իշխանություններն ակնկալում են սնուսի գնի բարձրացմամբ հավելյալ միջոցներ հայթայթել։