Գերմանիայի ձախ կուսակցությունը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսվող այցը Բեռլին։ Էրդողանն «ահաբեկչությանն աջակցելու պատմություն» ունի Մերձավոր Արեւելքում եւ ճնշում է իր երկրի ընդդիմությանը, ասել է կուսակցության համանախագահ Մարտին Շիրդեւանը։

«Նա ռմբակոծում է քրդերին հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում, օգնում է հող ստեղծել էթնիկ զտումների համար Լեռնային Ղարաբաղում, եւ, իմ կարծիքով, չի կարող հուսալի գործընկեր համարվել Գերմանիայի արտաքին քաղաքականության համար»,- ասել է նա։ Նա հայտարարել է, որ մտավախություններ կան Գերմանիայի կառավարության եւ Թուրքիայի նախագահի միջեւ նոր «կեղտոտ գործարքների» հետ կապված։

Էրդողանը Բեռլին կժամանի այս ուրբաթ։ Կանցլեր Օլաֆ Շոլցը նախատեսում է նրա հետ քննարկել երկու երկրներին առնչվող քաղաքական հարցեր։ Կքննարկվեն Մերձավոր Արեւելքի պատերազմի, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ապագա համաձայնագրի հարցերը։

Թուրքիայի նախագահը կհանդիպի նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ։ Տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաեւ «Հանել Քրդական աշխատավորական կուսակցության արգելքը» քարոզչական կազմակերպությունը եւ «Rheinmetall-ի ապառազմականացում» դաշինքը, դեմ են Էրդողանի այցին։