CASCA+ միջազգային մուլտիմոդալ տրանսպորտային-տարանցման երթուղու մասնակից պետությունների (Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ Թուրքիա) երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները Աշգաբադում քննարկել են բեռնափոխադրումների ավելացման հարցերը։ Այս մասին տեղեկացրել է «Нейтральный Туркменистан» պաշտոնաթերթը։

Խորհրդակցությանը մասնակցել են ճյուղային նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ լոգիստիկ ընկերությունների եւ ձեռնարկությունների պատվիրակությունները Ադրբեջանից, Վրաստանից, Ղրղըզստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից եւ  Թուրքմենստանից։

Նշվել է, որ մուլտիմոդալ մայրուղիները, որոնք անցնում են երկու ծովով եւ բազմաթիվ երկրների տարածքներով, թույլ են տալիս արդյունավետ օգտագործել այդ միջանցքի հնարավորությունները։ Երթուղին մեկնարկել է 2019թ., դրանով փոխադրվել է մոտ 30 հազար բեռնարկղ։ Միջոցառման մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը փոխադրումները ընթացիկ տարում 30 հազար բեռնարկղի հասցնելն է։ Նրանց կարծիքով՝ դա կնպաստի փոխադրումների ակտիվացմանը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքներով։

CASCA+ երթուղին ստեղծվել է 2019թ. Տաշքենդում, այդ երկրների պետական երկաթուղիների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Թուրքիան միացել է 2021թ. դեկտեմբերին։ «+» նշանը նշանակում է, որ երթուղին պատրաստ է ընդունել նոր մասնակիցների, որոնք շահագրգռված կլինեն երթուղով փոխադրումներ կատարելու հարցում, որոնց վերջնանպատակը Հարավարեւելյան Ասիայի պետությունները, մասնավորապես Չինաստանը Եվրոպայի հետ կապելն է։