«Մեր ամբողջ գիտության, ներառյալ՝ բոլոր կառույցների ֆինանսավորումը տարեկան կազմում է 8 միլիարդ դրամ, որը բյուջեի ծախսային մասի 1 տոկոսից էլ քիչ է, իսկ տարեկան Գիտությունների ազգային ակադեմիայի բյուջեն կազմում է 47 տոկոս»,- այս մասին նոյեմբերի 4-ին, «Մամուլի ազգային ակումբում» հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։
Ակադեմիկոսի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի բյուջեն 0,2 տոկոս ՀՆԱ է, իսկ արդեն վարչապետի կողմից քննարկման դրած «Գիտությունների ազգային ակադեմիայի ռազմավարության» փաստաթղթի մեջ, որտեղ նախատեսված է, թե 2020 թվականին Հայաստանն ինչպիսի գիտություն պետք է ունենա, կազմում է 2 տոկոս ՀՆԱ։
«Այսօր, որպեսզի մեր հետազոտությունները համապատասխանեն եվրոպական մակարդակին, փաստորեն, Գիտությունների ազգային ակադեմիայի ծախսերի համար տրամադրվելիք գումարները 10 անգամ պետք է ավելանան»,-հավաստիացրել է նա, ընդգծելով, թե ինքը դժվարանում է ասել՝ այն ինչ գրված է փաստաթղթում կիրականացվի, թե ոչ, քանի որ ամեն ինչ կախված է հնարավորությունից։
Ինչպես Մարտիրոսյանն է նշում, այսօր իրենց գլխավոր խնդիրը հայագիտության զարգացումն է, եւ ստեղծվում է հայագիտության զարգացման ինստիտուտ, իսկ ինչ վերաբերում է հաջողություններին, ապա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է կնքել Ֆրանսիայի հետ եւ 10 հետազոտողների հետ բացել է երեք համատեղ հետազոտական լաբորատորիաներ, որոնք կգործեն հունվարից, բացի այդ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում մակարդակը բարձր է ֆիզիկայի, աստղաֆիզիկայի եւ կենսաբանության ոլորտներում։
Նշենք, որ գիտությամբ մեր հանրապետությունում զբաղվում են 100-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցից 31-ը գտնվում է Գիտությունների ակադեմիայի համակարգում, ինչը միավորում է բոլոր հետազոտողներին։




























