Հանրապետության հրապարակի շենքերի այն ճեղքերը, որոնց մասին խոսում են այսօր, արվել են վաղուց եւ կապված չեն անցած տարի կատարված աշխատանքների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 21-ին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ հին ճեղքերը հաճախ ներկայացվում են որպես նոր։ Գրիգորյանը նշել է, որ խոսքն այն մասին չէ, որ այդ ճեղքերը արվել են մինչեւ 2018թ.։ «Ե՛վ 2018թ., ե՛ւ մինչ այդ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ վերականգնման հարցը կառավարության տիրույթում է, որն էլ զբաղվում է պատմամշակութային նշանակության շենքերի նորոգմամբ։ ԶԼՄ-ների լուսաբանումը միակողմանի չպետք է լինի, ասել է նա։
«Ես, օրինակ, չեմ տեսել, որ անցած ամանորի գիշերը ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեին, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ մասնակցել տոնակատարություններին եւ հայտնել իրենց գոհունակությունը։ Ճարտարապետների կարծիքն ու անհանգստությունը հաշվառված են, բայց մենք չենք կարող չզարդարել տարածքը, որտեղ գտնվելու է երկրի գլխավոր տոնածառը»,- ավելացրել է փոխքաղաքապետը։




























