Որ պահին չզեկուցվող հարց ներկայացվեց Երեւանի ավագանու նիստին, «Մայր Հայաստան» խմբակցությունը իր մասով չի ապահովելու քվորում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ երկրում համապետական իշխանություն ունեցող ուժը Երեւանի ավագանիում չունի մեծամասնություն. «Անգամ իրեն կից արբանյակ ուժի հետ չունեն 50+1 տոկոս: ՔՊ կուսակցությունն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ: «Մայր Հայաստան» դաշինքն այս ամբիոնը դիտարկում է որպես երկրում քաղաքական իրողություններին արձագանքելու և երկրի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ իր ահազանգը հնչեցնելու հարթակ»,-ասաց Սուքիասյանը:
Նա ասաց, թե քաղաքապետարանի աշխատանքները ենթակա են տապալման, հատկապես առաջիկայում սպասվող դատական ակտի լույսի ներքո և Երևանի քաղաքացիներին հորդորեց լինել զգույշ, քանի որ դատարանի որոշմամբ քաղաքապետարանի որոշումները կարող են համարվել առոչինչ:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց ելույթի համար:
«Ուղղակի տեղեկացնեմ, որ դատարանն իրավասություն չունի նշանակելու նոր երդմնակալության արարողություն և եթե ենթադրենք, որ ձեր պնդումներն իրավական առումով հիմք ունեին, ապա այս ավագանին առհասարակ որևէ գործունեություն չպետք է ծավալեր և մենք պետք է արդեն լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Ավինյանը հորդորեց ճշգրտել իրավական գնահատականները և կրկին անդրադարձավ երդմնակալության արարողությանը «Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, ապա, տրամաբանության համաձայն, մենք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»,-ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին դիմեց Ավինյանը:





























