Ավագանու այսօրվա նիստում վեճն առաջացել է «ավագանու որոշ ընդդիմադիր անդամների սադրանքի արդյունքում»։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը :
«Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։
Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»,- գրել է նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ, իսկ երբ Անի Խաչատրյանը բեմից իջավ եւ շարժվում էր դեպի իր տեղը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց նրա վրա: Վերջինս նույնկերպ պատասխանեց: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել ուղիղ հեռարձակումը:





























