Լոռիի մարզում այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում գրանցված ամենաուժեղ հրդեհներից խոսելիս, մարզի փրկարարական վարչությունում հիշատակվում են առաջին հերթին Անտառամուտ համայնքի ոչ բնակելի տներից մեկում ապրիլին գրանցված հրդեհը, որի վնասը կազմել է 7 մլն 465 հազար դրամ, եւ որը ոչ միայն մաշտաբային, այլեւ գումարային առումով, ըստ էության, ամենախոշոր հրդեհի բռնկման դեպքն է այս տարում:

Նյութական վնասի չափով, երկրորդ տեղում մայիսին Ալավերդիում այրված «Պորշ» մեքենան է, որի ընդհանուր գումարային չափը կազմում է 6 մլն 185 հազար դրամ, երրորդ տեղում, դարձյալ այրված ավտոմեքենա է. Օձուն համայնքում մինչ օրս հիշում են  այրված BMW X5 ավտոմեքենան, որ նյութական վնասի չափով մոտ 4մլն 210 հազար դրամ կազմեց: 

Իր մեծությամբ ու ընդգրկող գումարային վնասի չափով չորրորդ տեղում մարտի 18-ին, Ալավերդիում ամբողջությամբ այրված ոչ բնակելի տան դեպքն է, ընդհանուր առմամբ կազմելով 3 մլն 424 հազար դրամ:

Այս բոլորը նյութական խոշոր վնասներով հրդեհների դեպքերն են, մինչդեռ որպես մարդկային անուշադրության հետեւանքով բռնկված հրդեհի դեպք, հիշատակվում է մեկը միայն, փետրվարին Վանաձորում, բնակելի տան 5-րդ հարկում գրանցված դեպքը, որ միանգամից խլեց 2 եւ 4 տարեկան քույր ու եղբոր կյանքը: Հարկ է նշել, որ պատճառը եղել է կնոջ խանդը, ով քնած թողնելով  մանկահասակ երեխաներին, դուրս է եկել հետեւելու ամուսնուն: