Լոռիի մազի համայնքների թերեւս «ամենացավոտ» խնդիրներից մեկը հակակարկտային կայանների չափազանց փոքր թվաքանակն է, որոշ համայնքներում նաեւ դրանց իսպառ բացակայությունը: Այս տարվա գարնանը տեղացած հորդառատ անձրեւները, որ շարունակ ուղեկցվում էին ամպրոպներով ու կարկուտով, մեծ վնասներ հասցրեցին մարզի գյուղական համայնքներին, մասնավորապես Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան, Լեջան, Կողես համայնքներին, ինչպես նաեւ մարզի Լոռի-Բերդ, Գարգառ, Ամրակից գյուղերի ցանքատարածություններին ու բանջարաբոստանային կուլտուրաներին:
Այս համայնքների գյուղացիները նշում են, որ ամեն անգամ, երբ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա է այցելում իրենց ու փորձում պարզել համանքի առաջատար խնդիրները, իրենք խնդրում են միայն հակակարկտային կայաններ, սակայն նրանց մեկնումից հետո, ամեն ինչ մնում է նույնը:
«Բախտերս բերեց, էս տարվա գարնանացանից մի բան ստացանք, էդքան տանջանքը ջուրը չընկավ: Մեր մոտ գարունը 3 անգամ խոշոր կարկուտ էկավ, մենակ մենք գիտենք, թե ինչքան չարչարվեցինք էդ ցանածը վերականգնելու համար, մի հատ կայանի էղածն ինչ է, որ չեն տալիս, հետո էլ ասում են աշխատեք գյուղացիներ, դուք եք երկիր պահողը, բայց էդ երկիրը հեչ չի ուզում մի բանով օգնի գյուղի մարդուն»,-ասում են լեջանցի մի քանի գյուղացիներ: Մինչդեռ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ խոստանում է, որ առաջիկա ծրագրերի մեջ առաջնակարգ խնդիր է դրված Լոռիին հակակարկտային կայաններ տրամադրելը: Ի դեպ, հարկ է նշել, որ մարզի գյուղվարչության տրամադրած տվյալների համաձայն, դեռ անցած տարվա մարզի գյուղատնտեսական վնասը կազմել է 814,95 մլն դրամ, որից մինչ օրս ոչ մի դրամ փոխհատուցում չի ստացել գյուղացին:



































