Վրաստանի հանգստյան գոտիներում արագորեն աճում է խաղատների թիվը եւ ուշագրավ է, որ այդ բիզնեսում մեծ ներդրում ունեն ադրբեջանցի գործարար-նախարարները, նշում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Միայն Բաթում քաղաքում ադրբեջանցիները 14 խոշոր խաղատների գործունեության համար 28 միլիոն դոլար են ներդրել:

«Ադրբեջանական խաղատներում ներդրումներ են անում նաեւ այլազգի գործարարներ, սակայն ադրբեջանական միլիոնները գերակշռում են: Բացի Բաքվի գործարարներից, ներդրումներ են կատարում նաեւ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարնեըը: Այդ բիզնեսից ստացվող եկամուտները հսկայական են:

Սակայն խաղատների բիզնեսի հետ զուգահեռ ադրբեջանցի գործարարները ներդրումներ են կատարում նաեւ հյուրանոցներում: Օրինակ, Թիֆլիսի կենտրոնական երկու հյուրանոցները միայն ադրբեջանցիներին են պատկանում»,- գրում է «Պոլիգոնը»` վկայակոչելով վրացական լրատվամիջոցները: