Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա, հաղորդում է Shamshyan.com—ը:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության սակրավորները:
Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև սակրավորները վնասազերծեն նռնակը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Պարզվում է նաև՝ ով և երբ է նշված նռնակը թողել այնտեղ:



























