Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել է ինտերնետ տրաֆիկի ծավալների ավելացում, սակայն ոգեւորիչ տվյալներին զուգահեռ կա նաեւ մեկ այլ ցուցանիշ, համաձայն որի, օգտագործված ինտերնետ տրաֆիկի շուրջ 70-80%-ը բաժին է ընկնում արտաքին հոսքերին: Սա բացատրվում է նրանով, որ հայկական կայքերի մեծ մասի հոսթինգները (կայքի բովանդակությունը պահպանող տիրույթը) գտնվում են այլ երկրներում, ինչպես նաեւ հայ օգտագործողները մեծամասամբ օգտվում են միջազգային կայքերից (Facebook, Odnoklasniki, Google եւ այլն):

Արդյունքում, Հայաստանում արտաքին հոստինգներով կայքերից օգտվելու համար ծախսվում է լրացուցիչ տրաֆիկ, որն իր հերթին լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում կապի ալիքներում եւ հանգեցնում լրացուցիչ ծախսերի կապի օպերատորների համար. սա էլ իր ազդեցությունն է ունենում սպառողների համար ձեւավորվող վերջնական սակագների վրա: Իսկ տեղական հոսթինգային ընկերությունները սպասարկում են Հայաստանում առկա կայքերի միայն 19%-ին:

Խնդրին որոշակի լուծում տալու նպատակով «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է մի նախագիծ, որով մշակելու է «Համացանցի հայկական սեգմենտում ներքին տրաֆիկի մասնաբաժնի մեծացման հայեցակարգ»: Նախագծի նպատակն է մշակել հնարավոր մեխանիզմներ հայկական կոնտենտի զարգացման եւ ներքին տրաֆիկի ծավալի ավելացման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել հեռահաղորդակցության օպերատորների սակագնային քաղաքականությունը, հետազոտել տվյալ բնագավառում միջազգային փորձը եւ Հայաստանում հոսթինգների տեղեկատվական անվտանգության մակարդակը: Նախագծի իրականացմանը մասնակցում են տեղեկատվական անվտանգության, սոցիոլոգիայի եւ մարկետինգի փորձագետներ:

Ծրագրի շրջանակում տվյալ խնդրի շուրջ քննարկումներ կծավալվեն ինչպես ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ միջազգային փորձագետների հետ:

Ուշադրություն կդարձվեն նաեւ Հայաստանում առցանց մեդիայի անկախությանը եւ տեղեկատվական անվտանգությանը առնչվող հարցերին: Հետազոտության արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ նախատեսվող հայեցակարգը կառաջարկվի համապատասխան կառույցների քննարկմանը:

Նախագիծը ֆինանսավորվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: