«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրության ընդլայնման եւ DWDM տեխնոլոգիայի ներդրման մասին օպտիկամանրաթելային մայրուղիներում:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011թ-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է
DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչեւ հարավային եւ ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:
Ընդհանուր առմամբ 2011թ-ի երկրորդ կիսամյակին «ԱրմենՏել » ընկերությունը ներդրել է ավելի քան 100կմ. օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաեւ կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770կմ-ից ավելի է, որից 326` Երեւանում:
DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման եւ ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով: DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ:




























