Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի վրա կկառուցվի հերթական փոքր ՀԷԿ-ը: Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգ է մտել Եղեգիս գյուղական համայնքին պատկանող 0.1 հա հողատարածքի նպատակային օգտագործման կարգը փոփոխելու որոշման նախագիծ:
Հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում է Եղեգիս գետի վրա հերթական փոքր ՀԷԿ-ը եւ կից շինությունները կառուցելու նպատակով: Նշենք, որ Եղեգիսը Հայաստանի ՀԷԿ-երով ամենածանրաբեռնված գետերից է:
Մասնավորապես` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղեգիս գետի վրա 6 փոքր ՀԷԿ կառուցելու լիցենզիա է տրամադրել տարբեր ընկերությունների: Եւս 1 լիցենզիա տրամադրվել է Եղեգիս գետի վրա կառուցված ոռոգման ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցմանը, մեկ այլ լիցենզիա էլ` Եղեգիսի վտակ Կարակայա գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը: Այսպիսով` Եղեգիսի ջրային ավազանում ընդհանուր առմամբ 8 փոքր ՀԷԿ պետք է լինի:



























