NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ջուդի Դեմփսիի հոդվածը` հրապարակված «The New York Times»-ում:
Երբ օրենքից դուրս հռչակված Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները Հաքարի նահանգում սպանեցին 24 թուրք զինվորների, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն անմիջապես հրամայեց 10 հազար զինվորների ներխուժել Իրաք եւ գտնել գրոհայիններին:
ՔԲԿ-ի վերածնունդը սադրեց վերջին տարիների ամենալայնածավալ ցամաքային գործողությունը քուրդ գրոհայինների դեմ, սակայն նաեւ ցույց տվեց, թե Անկարան ինչ բարդությունների է բախվում տարածաշրջանում արտաքին քաղականության ոլորտում, որի հիմքում «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» հավակնոտ ռազմավարությունն է:
««Զրո հիմնախնդիր հարեւանների հետ» ռազմավարությունը գործնականում նշանակում էր գործ ունենալ ավտորիտար ռեժիմների հետ: Սակայն Արաբական գարունից հետո այդ քաղաքակությունում ի հայտ եկան լուրջ թերություններ: Այդ ռազմավարությունը չափազանց լավատեսական էր լրջագույն խնդիրների լուծման համար»,- ասում է Ստամբուլի անկախ հետազոտական խմբի Տնտեսական եւ արտաքինքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Ուլգենը:
Անկարան վրդովված է այն մտավախությունից, որ ՔԲԿ-ի գրոհների թիկունքում կարող են կանգնած լինել Սիրիան ու Իրանը:
Անկարայի ռազմավարությունն ուղղված էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ ավանդական դաշնակցային հարաբերությունները թուլացնելուն եւ տարածաշրջանային համագործակցությամբ առաջատար երկրի դեր ստանձնելուն:
Անկարան բարելավեց հարաբերությունները սիրիական ռեժիմի հետ: Մարդու իրավունքների խնդիրները Դամասկոսի եւ Անկարայի հարաբերություններում ոչ մի դեր չէին խաղում, թեեւ այդ գործոնն Անկարան օգտագործում էր պաղեստինցիներին աջակցելու համար:
Անկարան հաջողություն չունեցավ նաեւ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ միջնորդություն նախաձեռնելու հարցում:
Թուրքիան նաեւ փորձեց Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման միջնորդական դերակատարություն ստանձնել, սակայն արժանացավ ԱՄՆ-ի անվստահությանը:
Այդ դեպքում եւս Անկարան գրեթե ուշադրություն չդարձրեց Իրանում ընդդիմության ճնշումներին եւ հիասթափություն առաջացրեց տարածաշրջանում քաղաքացիական հասարակության շարժումների մոտ: Փորձագետների կարծիքով, այդ մոտեցումը թուլացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Անկարայի իրանական նախաձեռնությունն անհաջող էր:
Փակուղի մտան նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները: Ադրբեջանի նախապայմանների հետեւանքով Էրդողանը նահանջեց:
«Թուրքիան արտաքին քաղաքականության ընդլայնման փոխարեն պետք է շարունակի ուշադրություն կենտրոնացնել հայկական հարցի վրա, քանի որ Հայաստանն անմիջական հարեւանն է»,- ասում է Երեւանի Տարածաշրջանային հետազոտությունների անկախ կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Թուրքիան ի վիճակի չեղավ լուծել հակամարտությունը Հայաստանի հետ: Թուրքիան ցանկացավ մինչեւ քայլել սովորելը վազել»,- ասում է Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամի Կովկասի մասնագետ Թոմ դե Վաալը:
Այնուհետեւ սկսվեց Արաբական գարունը:
Թուրքիան անսպասելիորեն հասկացավ, որ կարող է անտեսված լինել նոր ժողովրդավարական ուժերի կողմից, քանի որ ժամանակին քիչ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքներին: Անկարան արագ կագով վերանայեց իր ռազմավարությունը:
Թուրքիան առաջիններից մեկը օգնություն տրամադրեց Լիբիայի ապստամբներին` հատկացնելով 300 միլիոն դոլար կանխիկ գումար: Անկարան առաջիններից կոչ արեց հրաժարական տալ Հոսնի Մուբարաքին:
Սիրիայի եւ Իրանի նկատմամբ Անկարայի դիրքորոշման փոփոխությունն ավելի սուր է: Թուրքիան այժմ քննադատության է ենթարկում Սիրիայի ռեժիմը: Լարված են հարաբերությունները նաեւ Իրանի հետ, քանի որ Անկարան համաձայնեց իր տարածքում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռադար:
Եթե Թուրքիան շարունակի արտաքին քաղաքականություն վարել` հենվելով մարդու իրավունքների վրա, ապա կարող է հարգանք ու աջակցություն ստանալ տարածաշրջանում: Սակայն փորձագետները վստահ են, որ ոչ մի քաղաքականություն էլ չի աշխատի, եթե Թուրքիան բացառի քրդերին:




























