Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնողները արդարամտության, ճիշտ դատողության հետ եզրեր չունեն, եւ նրանց լուրջ օգնություն է պետք: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Նախորդ միջադեպի ժամանակ ես վերջնական հասկացա, որ այս մարդկանց մոտ ձեւավորվել է մի վիճակ, որ նրանք որեւէ կերպ արդարամտության հետ որեւիցե եզրեր չունեն, ճիշտ դատողության հետ եզրեր չունեն, նրանց մոտ այնպիսի իրավիճակ է, որ նրանց լուրջ օգնություն է պետք»,-նշել է նա:

Ոստիկանապետը այդ որոշման ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա, սակայն չբացառեց, որ հաջորդ շաբաթ մարդկանց թույլ տրվի նորից բողոքի ակցիա իրականացնել, սակայն պայմանով, որ այդ ակցիաներն ընթանան առանց վիրավորական արտահայտությունների:

«Ես որպես պետական պաշտոնյա, ամեն անգամ դուրս գալիս, երբեւիցե շտապողականություն հանդես չեմ բերել, հաշվի առնելով, որ ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, պահանջներ ունի, առաջարկներ ունի, ինչու չէ` բողոքի ձայնի մեջ որոշակի էլեմենտներ կան, որ պարտադիր պետք է լսել եւ ընթացք տալ, դա մեղմացնում է իրավիճակը, լիցքաթափում է լարվածությունը»,-ասաց Ա. Սարգսյանը: Սակայն նա զգուշացրեց, որ եթե այդ ակցիաներն ուղեկցվեն վիրավորական արտահայտություններով, ոստիկանությունը միջոցներ ձեռք կառնի: Այսինքն` ուժ կգործադրի, իսկ հակազդեցության դեպքում` հատուկ միջոցներ ձեռք կառնվեն, մարդիկ բերման կենթարկվեն ոստիկանություն:

Ի դեպ` ոստիկանապետը պնդեց, որ նախորդ հինգշաբթի ակցիայի մասնակից 18 տարեկան մի աղջիկ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին` նախապես պլակատով փակելով իր դեմքը: