Անկախության 20 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին հողի եւ գույքի հարկ չի վճարել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե մինչ Ազգային ժողովում առաջին ընթերցում ստացած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողի եւ գույքի հարկերից ազատելու մասին» օրենքի նախածի շրջանառվելը Մայր Աթոռը վճարե՞լ է հարկեր, թե` ոչ:
«Ոչ չեն հարկվել, որովհետեւ հարկվելու համար պետք է գնահատել շենքի եւ շինության կադաստրային արժեքը»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հիմա ի հայտ եկավ այս օրենսդրական նախագիծը, եթե առանց այդ էլ եկեղեցին հարկեր չի վճարվել, եպիսկոպոսն ասաց. «Սա պետության` եկեղեցու հանդեպ դրսեւորած բարոյական կեցվածքի դրսեւորումն է: Ումի՞ց եք վախենում, ինչի պետք է թաքնված լինի դա, ինչի՞ պետք է ստեղծվի եկեղեցու համար մի իրավիճակ, որ եկեղեցին ստիպված լինի այդ օրենքը շրջանցել»:
Դիտարկմանը, որ փաստորեն Մայր Աթոռը 20 տարի շրջանցել է օրենքը, եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «20 տարի եղել են օբյեկտիվ պատճառներ»:
«Հիմա այդ օբյեկտիվ պատճառները չկա՞ն»:
«Օբյեկտիվ պատճառները նորից շարունակում են լինել»,- պատասխանեց եպիսկոպոսը:
P. S. Փաստորեն ստացվում է, որ Մայր Աթոռը, որը պայքարում է հողի եւ գույքի հարկերից ազատվելու համար, բարեհաջող կերպով 20 տարի ինքն իրեն արդեն իսկ ազատել է այդ հարկերից:



























