Երեւանում, այսօր` հոկտեմբերի 27-ին, խմբերգային երաժշտության համերգով մեկնարկում է «Հայկական երաժշտական համաժողով» փառատոնը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 4-ը: Փառատոնը կամփոփվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) հետ սիմֆոնիկ երաժշտության համերգով:
ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված Փառատոնն սկսվել է դեռ սեպտեմբերին, երբ Հայկական երաժշտական համաժողովը մի շարք համերգներ եւ ստեղծագործական հանդիպումներ նախաձեռնեց Հայաստանի մարզերում: Միջոցառումներին մասնակցեցին կոմպոզիտորներ, տեղի երաժշտական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ եւ աշակերտներ: Երեւանում ծրագրված հինգ համերգները Փառատոնի առանցքային իրադարձություններն են, որոնց շրջանակներում կհնչեն հայ կոմպոզիտորների` անկախության 20 տարիների ընթացքում գրված սեղծագործությունները` այդպիսով ներկայացնելով ժամանակաշրջանի երաժշտական տարեգրությունը:
Ծրագրում ներառված են Էդվարդ Միրզոյանի, Լեւոն Չաուշյանի, Երվանդ Երկանյանի, Ռուբեն Սարգսյանի, Մարտին Վարդազարյանի, Արմենուհի Կարապետյանի, Դավիթ Սաքոյանի, Սուրեն Զաքարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Վահրամ Բաբայանի ստեղծագործությունները:
Փառատոնային համերգները տեղի կունենան Կամերային երաժշտության տանը եւ Արամ Խաչատրյան համերգասրահում:




























