Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն (ՀՌԱԿ) առաջարկում է Ադրբեջանի կառավարության հանդեպ դատական հայց ներկայացնել:
ՀՌԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով Ադրբեջանի 2012 թվականից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կազմի մեջ ընտրվելու փաստը, ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը ԼՂՀ-ի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը զուգահեռ սկսել գործընթաց` Ադրբեջանի կառավարության հանդեպ դատական հայց ձեւակերպելու ուղղությամբ՝ այն ՄԱԿ-ի հովանու նեքո գործող Միջազգային Դատարան ներկայացնելու համար: Այս ամենի համար հիմք ընդունել այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունը հանդիսանում է հայ ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած պետական կառույց, որն արտահայտվել է 1988-1994 թթ. ընթացքում Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի զտումների, ջարդերի ու սպանդների, հայերի գույքը թալանելու, պատմամշակութային արժեքները ոչնչացնելու միջոցով եւ այդ գործողություններն իրականացրել է պետական կառույցների` բանակի, տրանսպորտի ու կապի, ոստիկանության եւ կազմակերպված խուժանի միջոցով, որոնք բանտերից ազատվել էին սպանդ իրականացնելու համար:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը առաջարկում է քայլերի հետեւյալ հերթականությունը.
1. Անհրաժեշտ է, որ Հայաստանի Ազգային Ժողովը անհապաղ օրակարգի հարց դարձնի եւ ընդունի «ՀՀ Օրենք՝ 1988-1994 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ իրականացրած ցեղասպանության, իսկ մերժման դեպքում` քրեական պատասխանատվության ենթարկելու մասինե, հիմք ընդունելով այն փաստը, որ 1988 թ.-ից սկսած ադրբեջանական կառավարությունները կազմակերպված ձեւով բնաջնջել են հայկական ծագում ունեցող Ադրբեջանի ՍՍՀ-ի քաղաքացիներին, հետագայում սպանդը տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող խաղաղ բնակչության դեմ` նրանց հանդեպ կիրառել մասսայական ոչնչացման զենքեր:
2. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կողմից 1948 թ.-ին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ այն պատժելու մասին», ինչպես նաեւ 1968 թ.-ին ընդունված «Մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները, անհապաղ համախմբել հայկական կողմի միջազգային իրավունքի մասնագետներին, պետաիրավագետներին եւ անհրաժեշտ մասնագետներին (օգտագործելով նաեւ սփյուռքի հնարավորությունները) իրավաբանորեն գրագետ ձեւակերպվելիք դատական հայցի շուրջ` Հաագայի Միջազգային Դատարան դիմելու համար` ընդդեմ 1988-ից մինչեւ 1994 թվականներին ադրբեջանական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործությունների: Հայցում պարտադիր նշել, որ ԼՂՀ-ի շուրջ ազատագրված անվտանգության գոտի հանդիսացող տարածքները պահանջել որպես փոխհատուցում` հայերի հանդեպ կատարված ցեղասպանության դիմաց:
3. Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պաշտոնապես դիմել Հաագայի միջազգային դատարան ընդդեմ ադրբեջանական 1988-1994 թթ. կառավարության` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ հայահոծ այլ բնակավայրերում հայերի հանդեպ էթնիկ զտումներ, ջարդեր ու սպանդներ, թալան եւ կողոպուտ` ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:
ՄԱԿ-ի հովանու տակ գործող Հաագայի Միջազգային Դատարանին ներկայացնել թե՛ ԼՂՀ, թե՛ Հայաստանի խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենքերի, ցամաքից եւ օդից հայկական բնակավայրերի (քաղաքների եւ գյուղերի) ռմբակոծման բազմաթիվ փաստերը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Նախիջեւանի կողմից:
4. Ադրբեջանական կառավարությունների կողմից էթնիկ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունն ապացուցող փաստեր ներկայացնել միջազգային իրավապաշտպան եւ մարդու իրավունքների պաշտպանության ու նրա քարոզ իրականացնող շահագրգիռ կազմակերպություններին: Աշխարհասփյուռ հայկական հասարակական-քաղաքական ընտրանին ենթարկել զորաշարժի՝ ընդդեմ մարդկության հանդեպ 1988-1994 թթ. ադրբեջանական կառավարությունների իրականացրած հանցագործությունների` հիմք ընդունելով Միացյալ Ազգերի կազմակերպության ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման եւ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ընդունած կոնվենցիաները»:




























