ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) փորձագետները հաստատում են, որ անցած տասնամյակն ամենատաքն է եղել պատմության ընթացքում: Այսպիսով, վերջին 30 տարվա միտումը շարունակվում է, և, ըստ WMO-ի ղեկավար Պետերի Թաալասի, այն պայմանավորված է մարդու գործունեության, մասնավորապես ջերմոցային գազերի արտանետմամբ։
Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության, 2011-2020 թվականներին մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը շարունակել է աճել, իսկ անցած տասնամյակը նշանավորվել է օդի և ջրի ռեկորդային ջերմաստիճաններով, սառցադաշտերի արագ հալոցքով և ծովի մակարդակի բարձրացմամբ:
Զեկույցում ասվում է, որ «հատկապես խորը ձևաափոխում» է տեղի ունենում բևեռային և բարձրադիր շրջաններում:
Փորձագետները զգուշացնում են, որ կլիմայական ցնցումները խաթարում են սոցիալ-տնտեսական զարգացումը և բացասաբար են ազդում համաշխարհային պարենային անվտանգության, բնակչության տեղաշարժի և միգրացիայի վրա:
«1990-ականներից ի վեր յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը, և մենք այս միտումի փոփոխության նշաններ չենք տեսնում», - ասաց Թաալասը:
«Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը պետք է լինի առաջնահերթություն, եթե մենք ցանկանում ենք փրկել մոլորակը և թույլ չտալ, որ կլիմայի փոփոխությունը դուրս գա վերահսկողությունից», - ավելացրել է նա:
Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է ավելի վճռական գործողությունների անհրաժեշտությունը։ Թեև կլիմայի փոփոխության դեմ պայքարի պետական և մասնավոր ֆինանսավորումը վերջին տասնամյակի ընթացքում գրեթե կրկնապատկվել է, մինչև այս տասնամյակի վերջը անհրաժեշտ էայս ոլորտում ֆինանսավորման յոթնապատիկ ավելացում:




























