Ֆրանսիացիները դադարում են շամպայն գնել դրա թանկության պատճառով, տեղեկացրել է BFM Business հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շամպայնի վաճառքը նվազել է 20,7 տոկոսով 2023թ. հունվար-դեկտեմբերին։ Ֆրանսիացիները գերադասում են ավելի էժան փրփրուն գինիները, ինչպիսին են էլզասյան կրեմանը եւ պրոսեկոն։
Նշվել է, որ շամպայինի միջին գինը կազմում է մեկ լիտրը 30 եվրո, այն դեպքում, երբ փրփրուն գինիների այլ տեսակները 4-5 անգամ ավելի էժան են։ «Շամպայնը ծանր ժամանակներ է ապրում, քանի որ շատ ֆրանսիացիների համար չափազանց թանկացել է,- նշել է Systeme U ռիթեյլերների ֆրանսիական կոոպերատիվի գլխավոր տնօրեն Դոմինիկ Շելշեն։- Մյուս փրփրուն գինիները, ինչպիսին է էլզասյան կրեմանը, վերելք են ապրում»։
Ամռան սկզբին Շամպայնի ֆրանսիական կոմիտեն կանխատեսել էր, որ ըմպելիքի արտադրությունը Ֆրանսիայում 2023թ. կընկնի մոտ 6 տոկոսով՝ 130 մլն շիշ (2022թ. 138,4 մլն շշի համեմատ)։ Եթե 2023թ. 11 ամիսներին նկատվող միտումը պահպանվի առաջիկա շաբաթներին, ապա վաճառքը կարող է նվազել՝ հասնելով 110 մլն շշի, ինչը ամենացածր ցուցանիշն է երկար տարիների ընթացքում։





























