Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան Հայաստանին եւ Ադրբեջանին համբերություն է մաղթել դեպի խաղաղություն տանող ճանապարհին հաջողության հասնելու գործում։

Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նախարարը հավաստիացրել է, որ ԵՄ-ն եւ Էստոնիան պատրաստ են հնարավոր աջակցությունը ցուցաբերել գործընթացին, սակայն դրա մասնակիցներ չեն։ «Բանակցությունների համար հարկավոր է երկու կողմ, եւ կան նրանք, ովքեր պատրաստ են միջնորդ դառնալ։ Բայց թե ինչպես պետք է հարցը լուծել՝ որոշելու են երկու ժողովուրդները եւ նրանց կառավարությունները։ Մենք, ԵՄ-ն եւ Էստոնիան, պատրաստ ենք օգնել մեր հնարավորությունների շրջանակում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ խաղաղությունն այն հիմքն է, որն անհրաժեշտ է այլ կարեւոր գործընթացների, օրինակ՝ դեմոկրատիայի համար։