Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար տրանսպորտային տարանցման մեծ նշանակությունը անհնար է թերագնահատել և մեր երկրների համար շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նաեւ նշել է. «Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում ու ներառականության ապահովում:
Մարդկանց, բեռների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:
ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև: Այս առումով մենք մասնավորապես կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանցիկ ներուժի լիարժեք իրացումը՝ ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի ու հավասար օգտագործման ապահովման ու առևտրի դյուրացման միջոցով»:
Նրա խոսքով, Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն արևմուտքում և արևելքում գտնվում են ցամաքային շրջափակման մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում, կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը:
«Այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:
Գիտակցելով ավելի լավ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցվածության կարիքը՝ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը՝ արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը»,- նշել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար:
«Այն ոչ միայն կապահովի ավելի դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև, այլև նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց արևմտյան Ասիայի և արևելյան Եվրոպայի միջև:
«Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևան երկաթգծերը: «Խաղաղության խաչմերուկ»-ը գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,- եզրափակել է Միրզոյանը:





























