Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր կործանել նաև Ռուսաստանը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Պավել Զարուբինի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար հարցազրույցում, հայտնում է «Вечерняя Москва»-ն։

Ըստ ՌԴ նախագահի, 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին, չնայած այն հանգամանքին, որ 20 տարի աշխատել էր անվտանգության մարմիններում և արտաքին հետախուզությունում, ինչպես նաև զբաղեցրել  այլ բարձր պաշտոններ։ Ինքը մտածում էր, նշել է պետության ղեկավարը, որ այդ վերաբերմունքն արդեն փոխվել է։

Պուտինն ընդգծել է, որ ականատես է եղել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բացասական քաղաքական գործողությունների։ Որպես օրինակ ՌԴ նախագահը նշել է «երկրի տարածքում անջատողականության և ահաբեկչության աջակցությունը»։

«Բայց ես, միամտաբար, կարծում էի, որ սա պարզապես մտածելակերպի և գործողությունների իներցիայի արդյունք էր. սովոր էին կռվել ԽՍՀՄ-ի դեմ և շարունակում են դա անել», - ասել է Վլադիմիր Պուտինը: