ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը նպատակ ունի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա Ուկրաինայում հաղթանակի դեպքում, գրում է Коммерсант-ը։
Ըստ Վլադիմիր Պուտինի, նախագահ Բայդենի խոսքը «կատարյալ անհեթեթություն է», քանի որ Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։
«Սա կատարյալ անհեթեթություն է։ Կարծում եմ՝ նախագահ Բայդենը նույնպես դա հասկանում է։ Սա, ընդամենը, Ռուսաստանի ուղղությամբ նրա սխալ քաղաքականությունն արդարացնելու համար ասված խոսք է»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների հետ պատերազմելու «պատճառներ չունի», ընդհակառակը, Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները նրանց հետ։ «Ո՞ւմ հետ ի՞նչ խնդիր ունենք։ Ոչ մեկի հետ: Հենց նրանք են արհեստականորեն խնդիրներ ստեղծում մեզ հետ, քանի որ չեն ցանկանում ի դեմս Ռուսաստանի նման մրցակից ունենալ։ Այսքան բան»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 13-ին Ջո Բայդենը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, ասել էր, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի հետ հակամարտությունում, Վլադիմիր Պուտինը «կանգ չի առնի» և «կհարձակվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա»։ Այդ ժամանակ Բայդենը կոնգրեսականների առաջ ելույթ էր ունենում Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցով։ Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Կոնգրեսը չհամաձայնի Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցում, դա «Սուրբ Ծննդյան նվեր» կլինի Վլադիմիր Պուտինի համար։





























