Առանց ֆինանսավորման Կիեւը կդիմանա մեկ-երկու ամիս, FT-ի հացազրույցում ասել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

Քանի որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն դեռ վիճում են ֆինանսավորման փաթեթի վերաբերյալ, Ուկրաինայի տնտեսական վերածնունդը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, նշել է նա։ Հետագա ձգձգումները կարող են Կիեւին ստիպել վերադառնալ ապակայունացնող քաղաքականության, ինչպիսին է փողերի տպագրումը, ինչպես նա դա արել է անցած տարի ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։

«Կարեւոր է չերկարացնել այդ ընթացքը, որովհետեւ դա մեծ ճնշում կգործադրի Ուկրաինայի վրա հենց այն պահին, երբ երկիրը լավ հեռնկարներ ունի տնտեսության համար»,- ասել է Գեորգիեւան։

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ երկարաժամկետ լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անկարողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի հակահարձակումը Ռուսաստանի դեմ չի հանգեցրել զգալի տարածքների ազատագրման, իսկ Մոսկվան ուժեղացրել է  օդային գրոհները ենթակառուցվածքի դեմ։

Անցած ամիս ընդունված բյուջեի համաձայն՝ Ուկրաինային անհրաժեշտ է 41 մլրդ դոլար հաջորդ տարի։ Նա 18 մլրդ դոլարի հույս ունի՝ ԵՄ-ից, 8,5 մլրդ ԱՄՆ-ից, 5,4 մլրդ ԱՄՀ-ից, 1,5 մլրդ զարգացման տարբեր բանկերից եւ 1 մլրդ Մեծ Բրիտանիայից։

ԱՄՆ Կոնգրեսը չորեքշաբթի չկարողացավ հավանություն տալ 60 մլրդ դոլարի օգնության փաթեթին, այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Վաշինգտոն։ ԵՄ-ն չկարողացավ պայմանավորվել 50 մլրդ եվրոյի օգնության հարցում այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո դրեց այդ առաջարկի վրա։

Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Ուկրաինան «որոշ ճկունություն ունի» եւ «հավանաբար կկարողանա դիմանալ հունվարին եւ փետրվարին»՝ շնորհիվ ԱՄՀ եւ Համաշխարհային բանկի վճարումների 2 մլրդ դոլարի չափով։ Բայց դրանից հետո Կիեւը ստիպված կլինի կամ կրճատել ծախսերը, կամ դիմել մոնետար ֆինանսավորման կենտրոնական բանկի կողմից, ինչը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի եւ ապակայունացնել երկրի ֆինանսական համակարգը։

Գեորգիեւայի խոսքով՝ Ուկրաինան արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արժանանա իր բարեկամների աջակցությանը։ «Նրանք կոշտ գործողությունների են դիմել, որպեսզի պահպանեն մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը։ ԱՄՀ-ն կատարել է իր դերը, մենք սերտ համագործակցում ենք Ուկրաինայի հետ։ Հարկավոր է, որպեսզի Ուկրաինայի գոծընկերներն իրենց ավանդը ներդնեն, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան»։