Ուկրաինացի զինվորների շրջանում մռայլ տրամադրություն է տիրում պատերազմի երկու տարիներից հետո, տեղեկացրել է AP-ն։
Չնայած հիասթափեցնող հակահարձակմանը եւ անկայուն ֆինանսական աջակցության նշաններին՝ ուկրաինացի զինվորները հայտարարում եմ, որ նախկինի պես ամուր են այն հարցում, որ հաղթելու են։ Բայց ձմռան գալու հետ կապված՝ նրանք անհանգստացած են, որ Ռուսաստանն ավելի լավ է պատրաստված մարտի, եւ հիասթափված են այն բանից, որ իրենք նորից ստիպված են լինելու պաշտպանվել հյուծիչ պատերազմում։ Ոմանք կասկածում են իրենց առաջնորդների դատողությունների հարցում։
Ուկրաինացի զինվորների դժգոհությունը, որն առաջ հազվադեպ էր եւ արտահայտվում էր միայն մասնավոր կարգով, այժմ ավելի տարածված է դարձել։
Հարավային Խերսոն քաղաքում զինվորները հարց են տալիս, թե ինչու այդ դժվար դեսանտային գործողությունները չեն սկսվել մի քանի ամիս առաջ, ավելի տաք եղանակին։ «Ես չեմ հասկանում»,- ասել է Ազգային գվարդիայի 11-րդ բրիգադի դրոնների դեմ պայքարի ստորաբաժանման հրամանատարը, որը մարտադաշտում հայտնի է որպես «Բոքսյոր»։ «Այժմ ավելի դժվար է եւ ցուրտ»։ «Շատ ստորաբաժանումներ կիսում են այս կարծիքը»,- ասել է նա։
Վերլուծաբաններն ասում են, որ այս ձմռանը ռուսական զորքերը մտադիր են ավելի խորանալ արեւելյան Ուկրաինայում, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողանա օգտագործել այդ ազդակը իր ընտրարշավում, եւ արդյունքը գրեթե ակնհայտ է։
Միացյալ Նահանգներում, որն արդեն մոտ 111 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայի պաշտպանության վրա, նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս լրացուցիչ 50 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու օգտին։ Բայց հանրապետական օրենսդիրները հրաժարվում են մեծ աջակցությունից։
«Մռայլ տրամադրության պատճառն այն է, որ նրանք զգում են, որ իրենք ոչ միայն այնքան էլ լավ հանդես չեն եկել այս տարի... նրանք գիտեն, որ ռուսների դիրքերը լավանում են»,- ասել է բրիտանական բանակի նախկին գեներալ Ռիչարդ Բերոնսը։ «Նրանք տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Կոնգրեսում, եւ նրանք տեսնում են, թե ինչ է տեղի ունեցել ԵՄ-ում»։
Գուցե այս ձմռանն Ուկրաինան պաշտպանվի, բայց նրա ռազմական ղեկավարները հայտարարում են, որ մտադիր չեն դադարեցնել պայքարը։ «Եթե մենք ոչ մի փամփուշտ չունենանք, մենք նրանց բահերով կսպանենք»,- ասել է Ավդեեւկայում գործող 59-րդ բրիգադի հրամանատար Սերգեյը։ «Իհարկե, բոլորը հոգնել են պատերազմից թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։ Բայց պատկերացրեք, եթե մենք կանգ առնենք՝ հետո ի՞նչ կլինի»։
Հոգնածությունը եւ հիասթափությունը մարտադաշտում արտացոլվում են Կիեւում, որտեղ ղեկավարների միջեւ տարաձայնությունները վերջերս մակերես են դուրս եկել։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած ամիս հրապարակայնորեն վիճարկեց գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի գնահատականն այն մասին, որ պատերազմը փակուղի է մտել։ Իսկ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քանիցս քննադատել է Զելենսկուն՝ հայտարարելով, որ նա չափից ավելի շատ իշխանություն ունի։
Իշխանության միջանցնքերում տիրող անհանգստությունը, ըստ երեւույթին, հասել է նաեւ շարքային զինվորականներին, որոնք ավելի հաճախ են անհանգստանում բյուրոկրատիայի անարդյունավետության եւ սխալ որոշումների պատճառով։
Զապորոժիեում, որտեղ ամառային հակահարձակումից հետո տեմպերը դանդաղել են, դրոնները դարձել են պատերազմի կարեւորագույն գործիքը։ Նրանք զինվորներին թույլ են տալիս հետեւել ռուսական զորքերին եւ զսպել նրանց։ Բայց նրանք դժգոհում են, որ զինվորականները շատ դանդաղ են սովորեցնում դրոնների օպերատորներին։
Ուկրաինացի զինվոր Կոնստանտին Դենիսովի խոսքով՝ յոթ ամիս պահանջվեց, որպեսզի մի քանի պետական հաստատություններից փաստաթղթեր ստացվեն, որոնք անհրաժեշտ էին 75 մարդու ուսուցանման համար։ «Մենք իզուր ժամանակ ծախսեցինք»,- ասել է նա։ Հրամանատարներն այլ վայրերում դժգոհում են զորքերի անբավարարությունից կամ դրոնների նորոգման ձգձգումներից, ինչը խափանում է նրանց մարտական առաջադրանքների կատարումը։
Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պնդում է, որ Ուկրաինան բավականաչափ զինվորներ եւ սպառազինություն ունի մարտական գործողությունների հաջորդ փուլի համար։ «Մենք կարող ենք պաշտպանել մեր մարդկանց, եւ մենք կանենք դա»,- ասել է նա Associated Press գործակալությանը։ «Մենք ունենք պլան, եւ մենք իրականացնում ենք այն»։
Քանի որ Ռուսաստանը հուսով է նախաձեռնությունը վերցնել այս ձմռանը, Ուկրաինան հիմնականում փորձելու է ամուր մնալ իր դիրքորոշման հարցում, ասում են ուկրաինացի զինվորականները։
Չնայած խոնավ եւ ցեխոտ հողին, որը դժվարացնում է տանկերի եւ այլ ծանր սպառազինության տեղաշարժը, ռուսական բանակը ուժեղացրել է իր ուժերը Դոնեցկի մարզի արեւելյան մասում, որտեղ վերջերս ակտիվացել են հարձակողական գործողությունները։
«Այս ձմռան հիմնական նպատակը կորուստները նվազեցնելն է»,- ասել է Բախմուտի մեքենայացված գումարտակի ուկրաինացի հրամանատարը՝ «Պարկեր» ազդականչով։ «Ձմռանը Դոնեցկը կամ Բախմուտն ազատագրել անհնար է, որովհետեւ նրանք չափից շատ (զինվորներ) ունեն»,- նշել է նա։
Վերլուծաբաններն ասում են, որ այս ձմռանը Ուկրաինան, գուցե, անգամ ստիպված լինի զիջել զավթած տարածքներից, չնայած Ռուսաստանը, հավանաբար, բարձր գին կվճարի։ «Եթե Ռուսաստանը շարունակի հարձակվել, ամենահավանական արդյունքը կլինի այն, որ նրանք կհասնեն շատ աննշան տարածքային ձեռքբերումների, բայց հսկայական կորուստներ կկրեն»,- ասել է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Բեն Բարին։
Ուկրաինացի որոշ հրամանատարներ ասում են, որ իրենց չեն բավականացնում կործանիչները եւ կրակային հզորությունը, որպեսզի հեռավորության վրա պահեն անվերջ թվացող ռուսական հետեւակին։ Դա էլ ավելի մեծ նշանակություն է տալիս հարվածային դրոններին, զենք, որով, ըստ նրանց, այժմ ավելի լավ է զինված Ռուսաստանը։
«Այո, նրանք առաջ են մեզանից մատակարարումների տեսակետից»,- ասել է «Բոքսյորը»՝ ավելացնելով, որ ռուսական անօդաչուները գործողության մեծ հեռահարություն ունեն եւ ավելի կատարյալ ծրագրային ապահովում։ «Դա թույլ է տալիս բարձրանալ 2 000 մետր, խուսափել խանգարումներից»,- ասել է նա, մինչդեռ ուկրաինական դրոնները «կարող են բարձրանալ միայն 500 մետր»։
Դա խնդիր է ստեղծում նրա զորքերի համար, որոնց՝ ռուսական թիրախներին Դնեպրի մյուս ափին հարվածներ հասցնելու հնարավորությունները սահմանափակ են։ Ուկրաինան սկզբում պետք է ռուսական զորքերը հետ շպրտի եւ պոնտոնային կամուրջներ գցի։ «Մինչեւ մենք ավելի շատ դրոններ չունենանք, դա անհնար կլինի»,- ասել է «Բոքսյորը»։ «Մենք զենք ենք սպասում, որը պետք է ստանայինք մի քանի ամիս առաջ»,- ասել է նա։
Պայքարը շարունակելու համար Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացնել ավելի շատ մարդկանց։ Կուպյանսկ եւ Լիման հյուսիսարեւելյան քաղաքներում ռուսական զորքերը խոշոր ուժեր են կուտակել՝ կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով։ «Նրանք պարզապես թուլացնում են մեր դիրքերը եւ հենակետերը, վիրավորում մեր զինվորներին՝ դրանով իսկ ստիպելով նրանց հեռանալ մարտադաշտից»,- ասել է «Դելֆին» ազդականչով հրամանատարը հյուսիս-արեւելքում։ «Կարող եմ ասել, որ ըստ իմ ստորաբաժանման՝ մենք պատրաստ ենք 60 տոկոսով»,- ասել է նա։





























