Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է գրող Բորիս Ակունինի (Գրիգորի Չխարտիշվիլի) դեմ քրեական գործի հարուցումը։
Ինչպես պարզաբանել են վարչությունից, գործը հարուցվել է բանակի մասին «կեղծիքների» (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3) և ահաբեկչության հրապարակային արդարացման (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2) հոդվածներով։
Քննչական կոմիտեն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչու է գործը բացվել։ Գերատեսչությունից հայտնել են, որ պատրաստվում են հետախուզում հայտարարել 2014 թվականից Ռուսաստանից դուրս բնակվող Ակունինի նկատմամբ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, Ռոսֆինմոնիտորինգն Ակունինին ավելացրել էր ահաբեկիչների ու ծայրահեղականների իր ցուցակում։
Ինքը՝ Ակունինը, մեկնաբանելով Ռոսֆինմոնիտորինգի ռեգիստրում ընդգրկումը, ասել է, որ գրողները «Մեծ Ահաբեկչության ժամանակներից ի վեր չեն մեղադրվել ահաբեկչության մեջ»։
«Սա վատ երազ չէ, սա իրականում կատարվում է Ռուսաստանի հետ։ Հոգ տարեք ձեր մասին, մի կորցրեք ինքներդ ձեզ, եթե գտնվում եք Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ եթե գնացել եք, բայց օտար հողում ձեզ համար շատ դժվար է ու մտածում եք վերադառնալու մասին, մի՛ վերադարձեք»,- նշել է գրողը։
Դեկտեմբերի սկզբին «ԱՍՏ» հրատարակչությունը դադարեցրել է Ակունինի գրքերի հրատարակումը, իսկ մեծ ցանցերը դրանք հանել են վաճառքից։ Պատճառն Ակունինի զրույցն էր Կրեմլամետ հումորիստներ Վովանի և Լեքսուսի հետ, որի ընթացքում նա աջակցություն էր հայտնել Ուկրաինային։ Վաճառքից հանվել են նաև Դմիտրի Բիկովի գրքերը, ով նմանատիպ զրույց է ունեցել նրանց հետ։




























