Եվրամիության իշխանությունները հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթում արտաքին առեւտրի նոր կանոն են մտցրել՝ No Russia։ Դրա համաձայն՝ արտահանողներին արգելվում է իրականացնել երրորդ երկրներից ռուսական շուկա «զգայուն» ապրանքների վերարտահանում, տեղեկացվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։
Մինչեւ վերջերս նման խոսակցությունները կրում էին հանձնարարականների բնույթ, բայց 12-րդ փաթեթում դրանք ստացել են պարտադիր բնույթ։
Նոր պարտադիր պայմանը պետք է ներառվի նոր արտահանական գործարքներում 2024թ. մարտի 20-ից։ Իսկ եթե գործարքը կնքվել է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 19-ը, ապա վերարտահանումը արգելող կանոնը պետք է ներդրվի 2024թ. դեկտեմբերի 20-ին կամ ավելի շուտ, եթե պայմանագիրն ավարտվում է մինչեւ այդ ժամկետը եւ երկարացվում է։
Սրա կարիքը չի լինի ԵՄ գործընկեր երկրներ վերարտահանման դեպքում։ Խոսքը ԱՄՆ, Մեծ Բևիտանիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա, Նորվեգիա եւ Շվեյցարիա արտադրանքի մատակարարումների մասին է, որոշել են Եվրամիության Խորհրդում։
Նոր փաթեթի հաստատման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 18-ին։ Նոր սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի տնտեսության բարձր եկամտաբեր ճյուղերին եւ դժվարացնում են նախորդ պատժամիջոցների շրջանցումը։




























