Ֆրանսիան դիտարկում է Հորդանան գետի արևմտյան ափին ոմանց դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, հաղորդում է CNN-ը:
Իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Քեմերոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Կատրին Կոլոննան դատապարտել է արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ հրեա վերաբնակիչների կողմից իրականացվող բռնությունները՝ կոչ անելով Իսրայելին միջոցներ ձեռնարկել:
«Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչ բռնություններ են գործադրվել որոշ ծայրահեղական վերաբնակիչների կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին։ Դա ոչ միայն ափսոսանքի է արժանի, այլև անընդունելի է»,- ասել է Կոլոննան:
ԱԳ նախարարը հավելել է, որ Ֆրանսիան դիտարկում է այդ վերաբնակիչներից մի քանիսի դեմ որոշակի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, և որ աշխատում է եվրոպական մակարդակով պատժամիջոցների ուղղությամբ:
Անցյալ շաբաթ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ դաշինքն աշխատում է «Արեւմտյան ափին ծայրահեղական վերաբնակիչների» դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ:
Այս ամսվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է վիզային նոր քաղաքականության մասին, որը թույլ չի տա «այն անձանց, որոնք ենթադրվում է, որ ներգրավված են Արեւմտյան ափի խաղաղության, անվտանգության կամ կայունության խաթարման մեջ», գալ Միացյալ Նահանգներ: Բլինքենի խոսքով՝ այդ քաղաքականությունը կտարածվի ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների վրա, որոնք պատասխանատու են արեւմտյան ափին տեղի ունեցած ահաբեկչությունների համար





























