Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR) զանգվածային կրճատումներ են սկսվելու, մասնավորապես ընկերության «Ազնեֆթ» արտադրական միության ենթակայության տակ գտնվող նավթագազային հանույթի յուրաքանչյուր կառույցից 30-ից 40 մարդ ազատվելու է աշխատանքից, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության իր աղբյուրները:
«Կրճատումները տեղի են ունենում «Ազնեֆթի» տնօրեն Դաշգին Իսկանդերովի հրամանով: Հնարավոր է, որ առավել փորձառու աշխատողներին աշխատանք տրվի ընկերության այլ կառույցներում»,-գրումէ պարբերականը:
Աղբյուրը զանգվածային կրճատումները բացատրում է նավթային հանույթների ծավալի նվազմամբ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանի նավթային հանույթների ծավալները կրճատվել են 7 տոկոսով:
Իր հերթին, Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլին նշել է, որ իրենց կոմիտեն եւս նման տեղեկություններ է ստացել: «Եթե դրանք հաստատվեն, եւ մենք համարենք, որ այդ կրճատումները անօրինական են, ապա դատական հայց կներկայացնենք: Մեր կազմակերպությունը կպաշտպանի կրճատման տակ ընկած աշխատողների իրավունքները»-ասել է նա, հաղորդում է «Ենի Մուսավաթը»:



























