Իտալիայի դատարանը ծնողներին ցմահ բանտարկության է դատապարտել իրենց դեռահաս աղջկա սպանության պատճառով, աղջիկը հրաժարվել էր գնալ Պակիստան՝ հաշվարկով ամուսնություն կնքելու համար, փոխանցել է Reuters-ը։
18-ամյա Սաման Աբասի (անհետ կորել է 2021թ. ապրիլին) այսպես կոչված «պատվի սպանությունը» ցնցել է Իտալիան։ Նրա հայրը եւ մայրը դատապարտվել են Ռեջո Էմիլիա քաղաքի դատարանի կողմից։ Աղջկա հորեղբայրը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, իսկ նրա երկու զարմիկները արդարացվել են։
Դատավճիռը կայացրել է առաջին ատյանի դատարանը եւ կարող է բողոքարկվել։
Հայրը լալիս էր դատարանում եւ հայտարարում, որ անմեղ է։ «Դատավարությունը դեռ չի ավարտվել։ Ես նույնպես ուզում եմ իմանալ, թե ով է սպանել իմ աղջկան»,- ասել է նա դատարանում։
Շաբար Աբասը Պակիստանում ձերբակալվելուց հետո արտահանձնվել է Իտալիային օգոստոսին՝ դատարանի առջեւ կանգնելու համար։ Ենթադրվում է, որ նրա կինը թաքնվում է Պակիստանում։
Սաման Աբասի մարմինը գտել են 2022թ. նոյեմբերին Նովելարա քաղաքում, նրա ընտանիքի տան մոտ, նրա անհետանալուց 18 ամիս հետո։ Նրան ճանաչել են ատամնաբուժական հետազոտմամբ։
Դատախազները հայտնել են, որ Սաման Աբասի ընտանիքը վրդովվել է, երբ իմացել է, որ նա ընկեր ունի Իտալիայում։ Արդյունքում՝ նրան սպանել են, երբ նա վերադարձել էր տուն որոշ փաստաթղթերի հետեւից, այդ ընթացքում նա ապրել էր սոցծառայությունների խնամքի ներքո։





























