Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելիեն՝ կես միլիոն բնակչությամբ, կդառնա Եվրոպայի խոշորագույն քաղաքն ՝ անվճար հասարակական տրանսպորտով: Այս մասին հայտնում է «Le Figaro» թերթը։

Ըստ աղբյուրի՝ նոր կանոնները քաղաքում կներդրվեն հինգշաբթի երեկոյան և կտարածվեն միայն նրա բնակիչների վրա։ Տրանսպորտից օգտվելու համար նրանք պետք է ստանան հատուկ անվճար ճանապարհորդական տոմս, որը պետք է ներկայացվի հսկիչներին։

Այս դեպքում տրանսպորտ նստելիս տոմսը վավերացնելու կարիք չի լինի։ Այն ուժի մեջ է մեկ տարի, որից հետո պետք է ձեռք բերել նոր տոմս:

Զբոսաշրջիկներն ու քաղաքի հյուրերը, ինչպես ընդգծում է թերթը, տրանսպորտից օգտվելու համար կվճարեն․ 1 ուղևորության արժեքը կազմում է 1,6 Եվրո։ Մոտ ապագայում հնարավոր է, որ տոմսի արժեքը նույնիսկ բարձրանա։

Պարբերականը մանրամասնում է, որ հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելը թույլ կտա երկու երեխա ունեցող ընտանիքին տարեկան տնտեսել 1 472 եվրո: Բացի այդ, դա կնպաստի շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը:

Ամենամեծ տարածքների թվում, որտեղ իշխանությունները որոշել են հասարակական տրանսպորտը դարձնել անվճար,  Լյուքսեմբուրգն է (650 հազար բնակիչ), որտեղ այս միջոցը ներդրվել է ողջ երկրում 2020 թվականին։ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում (445 հազար բնակիչ) անվճար տրանսպորտը գործում է 2013 թվականից: Ֆրանսիայում մոտ 40 բնակավայրեր ներդրել են նմանատիպ կանոններ, սակայն այդտեղ բնակչությունը զգալիորեն փոքր է, քան Մոնպելիեում: