Գիտնականները փորձ են կատարել մարդկանց մասնակցությամբ, որոնց ցույց են տվել թխաչ եւ բաց գույնի աչքեր ունեցող շների։ Արդյունքներն օգնել են հասկանալ, թե ինչու են այդ ընտանի կենդանիները ավելի հաճախ մուգ աչքեր ունենում, այլ ոչ թե դեղին, ինչպես նրանց մերձավոր ազգակիցները՝ գայլերը, տեղեկացրել է Naked Science-ը։

Տարածված է այն կարծիքը, որ մարդկանց մուգ աչքերը ուժեղացնում են փոխգործակցությունը մյուսների հետ հայացքի օգնությամբ։ Հետազոտողներն ուսումնասիրել են թռչունների, երկկենցաղների եւ ձկների աչքերի գույնը եւ դրա ֆունկցիան, բայց միայն մեկ անգամ են գիտնականները կենտրոնացել կապիկների տեսակին չպատկանող կաթնասունների աչքերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գայլակերպների (գորշ եւ կարմիր գայլեր, շնագայլեր, ոսկեգույն եւ եթովպական շնագայլեր) մեծ մասը ունի բաց, ավելի դեղին ծիածանաթաղանթ, նրանք ապրում են խմբերով եւ միասին են որսի դուրս գալիս։

Բայց գայլերի ցեղին պատկանող  շների (Canis Familiaris) մեծ մասը  մուգ աչքեր ունի։ Ծիածանաթաղանթի այդ գույնը անգամ հիշատակվում է ազնվացեղ շների բազմացման ծրագրերում։

«Մենք ենթադրել ենք, որ թխաչ շներին մարդիկ ընկալում են որպես ավելի բարյացակամ եւ անպաշտպան, քան բաց գույնի աչքեր ունեցողները՝ գայլերը։ Մեր վարկածը հիմնված է այն տվյալների վրա, որ ծիածանաթաղանթի եւ բբի միջեւ կոնտրաստը կարող է փոխել սոցիալական ազդանշանները եւ անձի ընկալվող գծերը»,- նշել են հետազոտողները, որոնց հոդվածը լույս է տեսել Royal Society Open Science ամսագրում։

Կենդանաբաններն ուսումնասիրել են 22 գորշ գայլերի եւ 81 ընտանի շների մռութները։ Հստակ երեւում էին նրանց աչքերի գույները։ Ուսումնասիրությունում հաշվի են առել ոչ միայն գույնը, այլեւ ծիածանաթաղանթի եւ բբի միջեւ կոնտրաստը։

Այնուհետեւ գիտնականները փորձ են կատարել մարդկանց մասնակցությամբ, որոնց ցույց են տվել տարբեր ցեղերի շների 12 լուսանկարներ։

Մասնակիցները պետք է պատմեին, թե ինչպես են իրենք գնահատում լուսանկարների կենդանիներին՝ ագրեսիվ են, թե տագնապած, հլու են, թե անբարյացակամ, բարի են, թե ոչ եւ այլն։

Հետազոտողները նաեւ հարցման են ենթարկել 76 մարդու, հիմնականում 18-38 տարեկան ուսանողների։ Նրանք լրացրել են օնլայն հարցաթերթիկներ մուգ եւ բաց գույնի աչքեր ունեցող շների մասին։ Հետո կրկնակի հետազոտություն են անցկացրել 66 մարդու մասնակցությամբ։

«Մենք հայտնաբերեցինք, որ մուգ աչքեր ունեցող շների մռութների պատկերները բարյացակամության ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել, քան բաց գույն ունեցողները։ Մուգ աչքեր ունեցող կենդանիներին նկարագրել են որպես ավելի հանգիստ, բարի, շփվող, ոչ ագրեսիվ, անվստահ, կախյալ»,- նշել են կենդանաբանները։

«Չնայած մեխանիզմը պարզ չէ, բայց ավելի մուգ աչքերը կարող են մարդուն «մանկական» ազդանշաններ հաղորդել։ Հավանաբար, մենք կարող ենք գնահատել մեկ այլ մարդու տարիքը բբի տրամագծով, քանի որ դրա չափը փոքրանում է մեծանալուն զուգընթաց։ Հաշվի առնելով այն, որ թխաչ շները մեզ ավելի լայն բբեր ունեցող են թվում, մենք կարող ենք համարել նրանց ավելի երիտասարդ բաց գույնի աչքեր ունեցող շների համեմատ»,- ավելացրել են հետազոտողները։

Նրանց կարծիքով՝  արդյունքները հաստատել են վարկածն այն մասին, որ ավելի մուգ աչքերի գույնը ժամանակակից շների մոտ պայմանավորված է ընտելացման ժամանակ կատարված արհեստական ընտրությամբ՝ մուգ գունի աչքեր ունեցող կենդանիները կարող էին հարմարվել էվոլյուցիոն առումով՝ ձեջք բերելով այն արտաքինը, որը մարդը ընկալում է որպես բարյացակամ։