Դեկտեմբերի 26-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Թեոդոսիայի նավահանգիստը, հայտնել է անեքսիայի ենթարկված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

«Իրականացվել է թշնամական գրոհ Թեոդոսիայի շրջանում։ Նավահանգստի տարածքն օղակված է։ Ներկա պահին դետոնացիան դադարել է, հրդեհը՝ տեղայնացվել։ Տեղում աշխատում են բոլոր պրոֆիլային ծառայությունները։ Մի քանի տների բնակիչները կվերաբնակեցվեն։ Վերահսկում եմ իրավիճակը։ Խնդրում եմ պահպանել հանգստություն եւ վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա գիշերն իր Թելեգրամ-ալիքում։

Ավելի ուշ Աքսյոնովը տեղեկացրել է, որ Թեոդոսիայում գրոհի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկու հոգի վիրավորվել է։ Վնասվել է վեց շենք։

Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ուկրաինական տակտիկական ավիացիան Թեոդոսիայի շրջանում պայթեցրել է ՌԴ Սեւծովյան նավատորմի «Նովոչերկասկ» մեծ դեսանտանավը։ Զինվորականների տվյալներով՝ թեւավոր հրթիռների գրոհը կատարվել է տեղի ժամանակով մոտ 02.30-ին։ Ենթադրաբար, նավը Իրանից անեքսիայի ենթարկված Ղրիմ էր տեղափոխում հարվածային «Շահեդ» անօդաչուներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում գրոհների ժամանակ։

«Իսկ Ռուսաստանի նավատորմն ավելի է փոքրանում։ Այս անգամ՝ ՌԴ Սեւծովյան նավատորմի «Մոսկվա» կրեյսերից հետո «Նովոչերկասկ» մեծ դեսանտանավն է։ Շնորհակալ եմ Օդային ուժերի օդաչուներին եւ բոլոր մասնակիցներին մանրակրկիտ աշխատանքի համար»,- Թելեգրամում գրել է  Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է «Նովոչերկասկ» նավի վնասվելու մասին տեղեկությունը։ Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն նավին հարվածել է ավիացիոն կառավարվող հրթիռներով։ Հակաօդային մարտի ընթացքում ՀՕՊ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական երկու ՍՈւ-24, որոնք իրականացրել են հրթիռների արձակումը, ավելացրել են ՊՆ-ում։