Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում վավերացրել է «Աբխազիայի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու եւ դրա օգտագործման կարգի մասին համաձայնագիրը», որը ստորագրվել է 2022թ. հունվարի 19-ին Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան խորհրդարանի մոտ հավաքվածներին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Հավաքվածները դեմ են արտահայտվել վավերացմանը՝ առանց դրանում փոփոխություններ կատարելու։ Հանրության զայրույթն են առաջացրել կոորդինատները, որոնք նշված են համաձայնագրում, եւ օբյեկտը երրորդ անձանց հանձնելու հնարավորությունը համաձայնագրի խզման դեպքում։
«Եղել է ընդդիմության եւ իշխանության համապատասխան հանդիպում, ընդունվել է կոնսենսուսային որոշում միջազգային պայմանագրերում, քաղաքացիական օրենսգրքում եւ հատուկ սահմանադրական օրենքում (որը վերաբերում է հենց պետական ամառանոցի հանձնմանը) փոփոխություններ մտցնելու մասին, որտեղ նշվել է, որ երրորդ անձանց հանձնման դեպքում համաձայնագիրը չեղարկվում է եւ սեփականությունը վերադարձվում է Աբխազիայի Հանրապետությանը։ Այս կոնսենսուսային որոշումը քննարկվել է ընդդիմության, իշխանության ներկայացուցիչների կողմից, եւ այդ որոշումը մտցվել է խորհրդարան, եւ մենք սկսել ենք քննարկումը պատգամավորների հետ։ Խորհրդարանի պատգամավորները չեն ցանկացել քվեարկել համաձայնագրի օգտին միայն կոորդինատների փոփոխությամբ եւ եկել են կոնսենսուսային որոշման, որ կքվեարկեն համաձայնագրի օգտին, որտեղ կմտցվեն նաեւ թե՛ կոորդինատները, թե՛ երրորդ անձանց հանձնելու անհնարինության նորմը։ Մենք ընդունել ենք երեք համապատասխան օրենք եւ արտահերթ նստաշրջանում՝ 28 պատգամավորի մասնակցությամբ (35-ից) վավերացրել ենք «Պիցունդա» պետական ամառանոցի հանձնման համաձայնագիրը 36 «կողմ» ձայնով առաջին, երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ»,- ասել է Աշուբան։
Խոսնակը նշել է, որ խորհդարանում ընդունել են մի շարք պատվիրակությունների, քննարկվել են համաձայնագրի ընդունման տարբեր օպցիաներ, որպեսզի հանրապետությունը վտանգազերծվի։ Առաջին օպցիան՝ կապված կոորդինատների հետ, մինչ այդ ընդունվել էր ՌԴ-ի կողմից։
Աշուբան ընդգծել է, որ պատգամավորները «ամեն ինչ չափակցել են» Աբխազիայի Սահմանադրության հետ։





























